24.11.2024
Արմեն Գևորգյանը Մարտի 1-ի գործով հրավիրել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն
prev Նախորդ նորություն

Քոչարյանին առաջադրված մեղադրանքը թողնում է քաղաքական հետապնդման տպավորություն. ՀՀԿ

Հայաստանի Հանրապետական կուսակցությունն իր խորը մտահոգությունն է հայտնում Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հանդեպ հարուցված քրեական գործի և կալանավորման միջնորդության առիթով։ Այս մասին ասված է ՀՀԿ-ի տարածած հայտարարության մեջ:


“Առաջադրված մեղադրանքը թողնում է բացառապես քաղաքական հետապնդման տպավորություն, իսկ իրավական տեսակետից անհեթեթ է։


Ստեղծված իրավիճակը համարում ենք սպառնալիք Հայաստանի ժողովրդավարական զարգացմանը և հարված` լիարժեք իրավական պետության կառուցման գործընթացներին։ Քաղաքական շարժառիթներով հարուցված քրեական գործը և առաջադրված մեղադրանքը վտանգի տակ են դնում Հայաստանի Հանրապետությունում սահմանադրականությունը։


Արցախյան հիմնախնդրում աներկբա հաստատակամություն ցուցաբերած նախկին գերագույն գլխավոր հրամանատարին և արցախյան ազատամարտի հաղթանակի վճռորոշ դերակատարներից մեկին օրինականության սկզբունքի հետ որևէ ընդհանրություն չունեցող շինծու և արհեստական մեղադրանքի առաջադրումը դիտում ենք որպես Արցախյան հիմնախնդրի շուրջ տարիներ շարունակ առկա մոտեցումներից արմատապես տարբերվող հնարավոր զարգացումների ընդդիմախոսներին լռեցնելու փորձ”, - ասված է հայտարարության մեջ։


Ավելի վաղ, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարարությամբ էր ահնդես եկել եւ հայտարարել, որ Մարտի 1-ի դեպքերի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և օրվա իշխանությունների այլ ներկայացուցիչների՝ սահմանադրական կարգը տապալելու մեղադրանք ներկայացնելը խիստ մտահոգիչ է և կարող է մեկնաբանվել որպես քաղաքական հալածանք։


Հիշեցնենք, որ հուլիսի 26-ին ՀՔԾ էին հրավիրվել նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը։ Նրանց Մարտի 1-ի գործի շրջանակում մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 301.1 հոդվածի 1-ին մասով՝ այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը տապալելու համար: