24.11.2024
ՀՅԴ․ Քոչարյանին մեղադրանք ներկայացնելը կարող է մեկնաբանվել որպես քաղաքական հալածանք
prev Նախորդ նորություն

Խաչատուրովին ՀՀ սահմանադրական կարգը տապալելու մեղադրանք է առաջադրվել

Հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար:


«2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների բավարար համակցության հիման վրա 2018 թվականի հուլիսի 26-ին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը:


Քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` Յուրի Խաչատուրովի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար», - ասված է ՀՔԾ հաղորդագրությունում:


Հիշեցնենք, որ մինչ այդ նույն գործով որպես մեղադրյալ էր ներգրավվել նաեւ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը եւ նախկին Պնախարար Միքայել Հարությունյանը:


Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը: Նրան կալանավորելու միջնորդությունը ներկայացվել է դատարան: Նմանատիպ մեղադրանք է առաջադրվել նաեւ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին եւ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանը:


Վերջինս այս պահին Հայաստանում չէ, նրա նկատմամբ հետախուզում է հայտարարվել: Այս պահին դատարանում քննվում է Ռոբերտ Քոչարյանի կալանավորման հարցը:


Նշենք, որ Ռոբերտ Քոչարյանը նախօրեին հանդես է եկել ծավալուն հարցազրույցով, որտեղ իր նկատմամբ քրեական գործը համարել է շինծու եւ քաղաքական պատվերի շրջանակում: