Վրաստանում խորհրդարանական մեծամասնությունը կքննարկի նոր վարչապետի թեկնածության հարցը
Վրաստանում խորհրդարանական մեծամասնությունը կքննարկի նոր վարչապետի թեկնածության հարցը: Մինչեւ հիմա վարչապետի թեկնածության վերաբերյալ պաշտոնական մեկնաբանություն չի եղել, փոխանցում է «Գրուզիա-օնլայնը»:
Խորհրդարանական մեծամասնության անդամ Գիյա Վոլսկին գործընկերներին կոչ է անում մինչեւ մեծամասնության հանդիպումը զերծ մնալ վարչապետի նոր թեկնածուի մասին բարձրաձայնելուց:
Երբ «Վրացական երազանքը» վարչապետի թեկնածու ընտրի, նրան կներկայացնեն Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիին, որն իր հերթին նոր վարչապետի թեկնածությունը կուղարկի օրենսդիր մարմին:
Հիշեցնենք, որ նախօրեին Գեորգի Կվիրիկաշվիլին Վրաստանի վարչապետի պաշտոնից հրաժարական է ներկայացրել: Նրա հրաժարականի հետ կապված դադարեցվել են բոլոր նախարարների լիազորությունները:
Իր հրաժարականի մասին հայտարարելով՝ Կվիրիկաշվիլին նշել է, որ «կառավարության թիմում տրամադրություններ է տեսնում»: Նրա խոսքով՝ վերջին մի քանի ամիսներին տարաձայնություններ է ունեցել իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Բիձինա Իվանիշվիլիի հետ: