27.11.2024
Թուրքիան մշակում է «Աքընջի» նոր հարվածային անօդաչուն
prev Նախորդ նորություն

Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում հարգանքի տուրք է մատուցել Համազասպ Բաբաջանյանի հիշատակին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ Մոսկվայի Հայրենական Մեծ պատերազմի կենտրոնական թանգարանում բացվել է Խորհրդային միության հերոս, ԽՍՀՄ զրահատանկային զորքերի գլխավոր մարշալ Համազասպ Բաբաջանյանի կիսանդրու բացման հանդիսավոր արարողությունը:

Վարչապետը նշել է, որ յուրահատուկ հպարտությամբ է գտնվում համատեղ պատմության՝ Հայրենական Մեծ պատերազմին նվիրված թանգարանում՝ Հայաստանի Հանրապետության անունից հարգանքի տուրք մատուցելու Համազասպ Բաբաջանյանի հիշատակին:


«Համազասպ Բաբաջանյանի անունը պատվավոր տեղ է զբաղեցնում խորհրդային խիզախ հրամանատարների շարքում: Ողջ պատերազմի ընթացքում Բաբաջանյանը գլխավորելով զրահատանկային զորքերը՝ եղել է առաջնագծում, ազատագրել հակառակորդի վերահսկողության ներքո գտնված քաղաքներ: Կուրսկի ճակատամարտից մինչև Բեռլինի ճակատամարտ հայ ժողովրդի մեծ զավակը դրսևորել է նվիրվածություն և հերոսություն, դարձել Մեծ Հայրենականի զրահատանկային լավագույն հրամանատարներից մեկը: Բաբաջանյանը կռվել է սուվորովյան ոճով, ոչ թե թվաքանակով՝ այլ խելքով:

Ցանկանում եմ հատուկ ընդգծել, որ մարշալ Համազասպ Բաբաջանյանի անունը գրվել է հայ ժողովրդի պատմության մեջ՝ հայրենիքի համար պայքար մղած քաջ մարտիկների անունների կողքին, ովքեր եղել են Բաշ Ապարանի, Սարդարապատի ճակատամարտերի մասնակիցները, որոնց 100-ամյակը Հայաստանը նշել է նախորդ ամիս»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետի խոսքով՝ այն, որ այս թանգարանում բացվում է մարշալ Բաբաջանյանի հուշարձանը և նախորդ տարվա ընթացքում այստեղ տեղադրվել է մարշալ Բաղրամյանի կիսանդրին՝ վկայում է, որ Հայաստանը և Ռուսաստանը ոչ միայն հարգանքի տուրք են մատուցում Հայրենական Մեծ պատերազմի մեծանուն հրամանատարներին, այլ նաև նրանց մասին հիշողությունը փոխանցում սերնդեսերունդ:


«Մեծ Հայրենականը եղել է ծանր փորձություն Խորհրդային միության ազգերի համար, այդ թվում՝ հայ ժողրվրդի: Ճակատից չի վերադարձել բանակ զորակոչված յուրաքանչյուր երկրորդ հայ, այդ թվում՝ իմ պապը, ում անունն ու ազգանունը կրում եմ: Մեր պարտքն է՝ պահպանել և երիտասարդ սերունդներին փոխանցել այդ աննկարագրելի հերոսության մասին պատմությունը, ինչպես նաև անել ամեն հնարավորը՝ մեր երկրների բարգավաճումն ապահովելու համար: Այսօրվա միջոցառումը նաև մեր հարգանքի տուրքն է Հայրենական Մեծ պատերազմի թանկագին վետերաններին, ինչպես նաև հայ-ռուսական բարեկամության, փոխօգնության և համերաշխության խորհրդանիշը»,- ասել է վարչապետը:

Համազասպ Բաբաջանյանի կիսանդրու հեղինակն է Աշոտ Թադևոսյանը: