26.11.2024
Թուրքիայի վարչապետը՝ Կարսում Ադրբեջանի հետ համատեղ լոգիստիկ կենտրոնի կառուցման մասին
prev Նախորդ նորություն

Արցախի հնարավոր վերադարձին բանակցային սեղան Ադրբեջանն արձագանքում է կրակոցներով

Այսօր Արցախում հակառակորդի կողմից արձակված կրակոցից հրազենային վիրավորում է ստացել ՊԲ 20-ամյա զինծառայող: Վիրավորում ստացած զինծառայողը տեղափոխվել է զինվորական հոսպիտալ:


Ադրբեջանը ՀՀ-ի նոր իշխանությունների այն հայտարարությունից հետո, որ Արցախը պետք է դառնա բանակցային գործընթացի լիիրավ կողմ և ՀՀ-ն չի կարող որոշել Ղարաբաղի և նրա ժողովրդի փոխարեն, լարված պահելով սահմանը ցույց է տալիս թե՛ Մինսկի խմբին, թե՛ Երևանին, որ Բաքուն կտրականապես դեմ է բանակցել Արցախի իշխանությունների հետ, իսկ Հայաստան-Ադրբեջան բանակցային առկա ֆորմատն ենթակա չէ փոփոխության:


Ադրբեջանը ՀՀ-ում թավշյա հեղափոխությունից հետո հասկացավ, որ հայկական նոր կառավարությունը չի պատրաստվում գնալ միակողմանի զիջումների ու հանդես գալ թույլի դիրքերից: Նա վերականգնում է իր ռազմական ակտիվությունը` փորձելով նաև այդ կերպ ճնշումներ գործադրել ՀՀ-ում նոր ձևավորված կառավարության վրա և ստուգել հայկական ուժերի մարտունակությունն ու ՀՀ-ի նոր ուժային կառույցների ղեկավարների արձագանքն ադրբեջանական նոր սադրանքներին:


Սադրանքները լինելու են շարունակական ու Բաքուն աստիճանաբար է մեծացնելու ռազմական ագրեսիայի մակարդակը թե հայ-ադրբեջանական սահմանների երկայնքով` Տավուշ, նախիջևանյան ուղղություն, այնպես էլ Արցախում` թեժ պահելով շփման գիծն ու կորուստներ պատճառելով հայկական կողմին, այդպիսով փորձելով նաև հասարակական ճնշում առաջացնել ՀՀ-ի նոր կառավարության վրա երկրի ներսում և պարտադրել այդ ճանապարհով գնալ զիջումների ղարաբաղյան հարցում:


Սակայն Բաքվում սխալվում են. ՀՀ-ի նոր կառավարությունն ունի ժողովրդական լայն աջակցություն ու լեգիտիմության բարձր մակարդակ, Արցախում էլ սկսվել են համակարգային փոփոխություններ, և հանդես են գալու ավելի ամուր դիրքերից` միակողմանի զիջումներ չեն լինելու, իսկ հայ հասարակությունները` ՀՀ-ում ու Արցախում, արտաքին ճնշման պայմաններում էլ ավելի են համախմբվելու իշխանությունների շուրջ:


Բաքվի համար հարված էր նաև այն հանգամանքը, որ ՌԴ-ՀՀ ռազմավարական հարաբերությունները շարունակական են նաև Նիկոլ Փաշինյանի օրոք` ռազմա-տեխնիկական համագործակցության բոլոր պայմանավորվածություններն ուժի մեջ են և ՀՀ-ում շարունակելու են, այդ թվում Մոսկվայի միջոցով, ամրապնդել սեփական զինված ուժերն, իսկ Արցախում միակողմանի զիջումների մասին Բաքվի հույսերն անհիմն են:


ՀՀ-ն ու Արցախը պետք է ավելի կոշտ արձագանքեն Բաքվի սադրանքներին, քանի որ չարձագանքելը կամ միայն դիվանագիտական մակարդակով հայտարարություններն ադրբեջանական կողմի մոտ կարող են ստեղծել այն կարծիքը, որ դիմացինը չի արձագանքում, քանի որ թույլ է: Դա չի կարելի թույլ տալ` թուրք-ադրբեջանական տանդեմը հասկանում է միայն ուժի լեզուն: Բանակցությունները պետք է շարունակվեն, սակայն դրան զուգահեռ պետք է օպերատիվ կերպով ամրապնդվի բանակն ու նրա մարտունակությունը`թե ՀՀ-ում, թե Արցախում: