Ազգային ժողովում հունիսի 7-ին «հեղափոխական կառավարության» ծրագրի բուռն քննարկումների ֆոնին հավուր պատշաճի ուշադրության չարժանացավ նույն կառավարության ղեկավար, «ժողովրդի վաչապետ» Նիկոլ Փաշինյանի՝ «նախկինում գործարարները ճամպրուկով գումար են տարել Բաղրամյան 26» սկանդալային հայտարարությունը:
Այդ հայտարարությունը Նիկոլ Փաշինյանն հունիսի 7-ին արեց լրագրողների հետ զրույցում՝ ասելով, որ նախկինում գործարարները ճամպրուկով գումար են տարել նախագահի նաստավայր՝ Բաղրամյան 26: նա տեղեկացրեց, որ հանդիպում է ունեցել գործարարների հետ եւ ասել, որ նրանք այսուհետ ազատված են կոռուպցիոն գործարքներից: «Հարցրել եմ գործարարներին՝ նախկինում ճամպրուկով փողեր բերե՞լ են Բաղրամյան 26, նրանք պատասխանել են՝ այո», - ասաց Փաշինյանը՝ պարզաբանելով որոշ խոշոր գոծարարների ձեռնարկություններում կատարվող հարկային ստուգումների եւ նրանց հետապնդումների ենթարկելու մասին հայտարարությունները:
Խոսքը հատկապես վերաբերում է վերջերս պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող «Ալեքս գրուպում» ԱԱԾ-ի ստուգումներից հետո տեղի ունեցած սկանդալային բացահայտմանը, համաձայն որի, նախկին իշխանությունների օրոք ստեղծված են եղել միլիարդավոր դրամների հասնող հարկերը թաքցնելու կոռուպցիոն մեխանիզմներ: Այդ բացահայտումները մեծ հնչեղություն ստացան հանրության շրջանում, հնչեցին տարաբնույթ մեկնաբանություններ:
Փորձագետների ու քաղաքական գործիչների մի մասը պնդում է, որ կառավարությունը պետք է շարունակի հակակոռուպցիոն արշավը՝ բացահայտելով իշխանության հետ սերտաճած խոշոր գործարարների թաքցրած հարկերն ու այդ նպատակին ծառայած կոռուպցիոն սխեմաները, իսկ մյուսները հորդորում են չշտապել ու զգույշ գործել, քանի որ սա կարող է հանգեցնել գների կտրուկ աճի, որի բացառման ուղղությամբ կառավարությունը հստակ քայլեր պետք է կատարի։
Այս բացահայտումների ֆոնին գյուղմթերքի գների բարձրացման փորձ իսկապես կատարեցին նախկին իշխանությունների ժամանակ ՊԵԿ-ի հետ համաձայնեցրած կոռուպցիոն սխեմաներով աշխատած սուպերմարկետները, որին հետեւեց կառավարության ղեկավարի կոշտ արձագանքը: «Նրանք, ովքեր ուզում են արհեստական թանկացումներով ապացուցել, թե ապօրինությունն ավելի լավ է, քան օրինականությունը, շատ արագ իրենց վրա կզգան օրինականության համոզիչ ուժը: Բոյկոտեք թալանչիներին եւ կոռուպցիոներներին»,- հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Կառավարության ղեկավարի հայտարարությունից հետո 11 սուպերմարկետների ցանցերի ներկայացուցիչներ հանդես եկան բարձրացված գները նախկին մակարդակին վերադարձնելու եւ «գործող օրենքների խստագույն պահպանմամբ» աշխատելու մասին հայտարարությամբ: Իսկ պատգամավորներ Արտակ Սարգսյանը եւ Սամվել Ալեքսանյանը, որոնք հանդիսանում են, համապատասխանաբար, ՍԱՍ եւ «Երեւան սիթի» սուպերմարկետների խոշոր ցանցի սեփականատերեր, հայտարարեցին Հայաստանի Հանրապետական կուսակցությունը եւ նույնանուն խմբակցությունը լքելու մասին:
Այս հայտարարություններից հետո ՀՀԿ-ական որոշ քաղաքական գործիչներ շտապեցին ասել, որ Փաշինյանի կառավարությունը հետապնդումների է ենթարկում ՀՀԿ-ին աջակցող գործարարներին: Այդ ձեւակերպումների հետ կտրականապես համամիտ չէ Նիկոլ Փաշինյանը:
«Շատերը ասում են՝ գործարարները, որոնց վրա հարկային տուգանքներ են դրվել, նրանք ենթարկվում են հետապնդումների: Ոչ ոք չի ասում, որ այդ նույն գործարարներին հանրապետության գործող վարչապետը հրավիրել է և ասել՝ ես չգիտեմ դուք ամիսը քանի անգամ ինչ չափի ճամպրուկներով ինչ եք բերել Բաղրամյան 26, բայց այս պահից դուք ազատված եք բոլոր այդպիսի պարտավորություններից: Գործող կառավարությունն այդ նույն հետապնդվող գործարարներին ճամպրուկով փողեր է նվիրել», - ասել է Փաշինյանը:
Ինչ խոսք, դրական է, որ Փաշինյանի կառավարությունը ձերբազատվել ու ձերբազատվում է տնտեսվարողների միջոցները քաղաքական իշխանության նպատակներին ծառայեցնելու կամ գործարարների նկատմամբ «քաղաքական ռեկետի» արատավոր պրակտիկայից: Սակայն տարօրինակ է, որ նույն Փաշինյանը կամ կառավարության այլ պատասխանատուներ, հաստատ իմանալով, որ «նախկինում գործարարները ճամպրուկով գումար են տարել Բաղրամյան 26» (ինչպես իրենք են հայտարարում), պաշտոնապես հանցագործության մասին հայտարարություն չեն ներկայացնում:
Փաստացի սա քաղաքական իշխանության եւ տնտեսվարողների համագործակցության մասին վկայող ու գուցե հանցանքի տարրեր պարունակող կոռուպցիոն սխեմայի գայության մասին հայտարարություն է, որով պետք է զբաղվեն ՀՀ գլխավոր դատախազությունը եւ Ազգային անվտանգության ծառայությունը:
Հայաստանի գլխավոր դատախազությունից, սակայն, VERELQ-ին հայտնեցին, որ Փաշինյանի հայտարարությունից հետո որեւէ իրավական գործընթաց չեն նախաձեռնել: «Դա եղել է զուտ քաղաքական հայտարարություն, որի մասով դատախազությունը որեւէ իրավական գործընթաց չի նախաձեռնել», - տեղեկացրեցին ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից: