25.11.2024
Արցախի պետական նախարար կնշանակվի ֆինանսների նախարարը
prev Նախորդ նորություն

Մամուլ. Գագիկ Բեգլարյանը դուրս կգա ՀՀԿ-ից ու կօգնի Սամվել Կարապետյանի կուսակցությանը

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Փաստ» օրաթերթը գրում է. «Առաջիկայում նախատեսվող արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ ի հայտ են գալիս նոր կուսակցություններ ստեղծելու տրամադրվածություններ: Մասնավորաբար, «Փաստ» օրաթերթի ունեցած տեղեկություններով, նոր կուսակցություն է հիմնադրելու «Տաշիր Գրուպ» ընկերության սեփականատեր, ռուսաստանաբնակ հայ մեծահարուստ Սամվել Կարապետյանը, ով փորձում է իշխանափոխությունից հետո էլ դուրս չմնալ ներքաղաքական զարգացումներից: Նույն աղբյուրի համաձայն՝ կուսակցության ստեղծման նախապատրաստական աշխատանքները Հայաստանում համակարգում է Երևանի նախկին քաղաքապետ, ՀՀ տրանսպորտի և կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանը: Վերջինս առաջիկայում կհայտարարի Հայաստանի հանրապետական կուսակցությունից դուրս գալու մասին: Առերևույթ դա կլինի այս օրերին գործարար ՀՀԿ–ականների անկուսակցականացման «շքերթի» շարունակություն, իսկ իրականության մեջ՝ նոր կուսակցության ստեղծման նախապատրաստություն»:


«Ժամանակ» օրաթերթը գրում է. «Իրավապահ մարմիններին մոտ մեր աղբյուրը տեղեկացնում է, որ վերջերս հարցաքննվել է Մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ ներքին զորքերի հրամանատար Գրիգոր Գրիգորյանը: Գրիգորյանի հարցաքննությունը կարևոր է այնքանով, որ հենց նա էր ղեկավարում խաղաղ ցուցարարների դեմ իրականացված հատուկ միջոցառումը, որին զոհ գնացին ՀՀ 10 քաղաքացիներ, որոնց թվում՝ 8 խաղաղ ցուցարարներ: Եվ ահա, ըստ մեր աղբյուրի, Գրիգոր Գրիգորյանը հարցաքննության ժամանակ հայտնել է, որ ցուցարարների վրա կրակելու հրահանգը ստացել է այն ժամանակվա նախագահ Ռոբերտ Քոչարյանից: Ավելին՝ Քոչարյանը մանրամասն հրահանգավորել է, որ ցուցարարների վրա դիմահար կրակ բացվի և կիրառվեն նման դեպքերի համար արգելված հատուկ միջոցներ: Քանի որ Քոչարյանը լինելով նախագահ, միաժամանակ գերագույն գլխավոր հրամանատարն էր, ներքին զորքերի հրամանատարը չի կարողացել ընդդիմանալ և չկատարել երկրի ղեկավարի արյունոտ հրամանները: Ավելին՝ Գրիգորյանը տեղեկացրել է, որ ինքը իր անձնական ապահովության համար ձայնագրել է իր և Քոչարյանի միջև տեղի ունեցած հեռախոսազրույցը, և այն կարող է ներկայացնել որպես իր ասածների հիմնավորում»:


«Ժամանակ» թերթը գրում է. «Շարունակում են թափուր մնալ Արմավիրի և Սյունիքի մարզպետների պաշտոնները: Ըստ պայմանավորվածության՝ այդ մարզերում մարզպետներ պետք է նշանակի «Ծառուկյան» դաշինքը, սակայն ըստ մեր տեղեկությունների՝ Ծառուկյանը և Փաշինյանը չեն կարողանում համաձայնության գալ հնարավոր թեկնածուների շուրջ: Թե դեռ որքան է շարունակվելու այս անորոշությունը՝ դժվար է ասել»:


«Հրապարակ» օրաթերթը գրում է. «ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն արդեն հայտարարել է, որ պետք է փոխել Սահմանադրությունը եւ բալանսավորել իշխանության թեւերի գործունեությունը։ Խոսակցություններ կան, որ նրա նախաձեռնությամբ արդեն իրավաբանների խումբ է աշխատում սահմանադրական փոփոխությունների վրա։ Որքա՞ն ժամանակ է, որ խումբն աշխատում է՝ հետաքրքրվեցինք իշխանական աղբյուրից։ «Այո, աշխատանքային խումբ կա, որը մոտ 1 ամիս աշխատում է այդ ուղղությամբ»։ Ե՞րբ կհրապարակվի տեքստը, հանրաքվե կլինի՞։ «Դա հաջորդ էտապի խնդիր է, առայժմ բարեփոխումների փուլն է»։ Աշխատանքի «արդյունքը» կներկայացվի նախ կառավարություն, չնայած կառավարության ներկայացուցիչներն օրերս հայտարարեցին, որ իրենց օրակարգում այս պահին սահմանադրական փոփոխությունների հարց չկա»։

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանում սահմանադրական ճգնաժամը գնալով ավելի է խորանում: Սա, իհարկե, միանգամայն սպասելի էր: Ի սկզբանե պարզ էր, որ Հայաստանում խորհրդարանական կառավարման համակարգն իրեն չի արդարացնի եւ շատ արագ կհանգեցնի ճգնաժամի: Եւ ահա նոր սահմանադրությունն ուժի մեջ մտնելուց երկու ամիս անց ականատես ենք լինում այդ ճգնաժամի հերթական դրսեւորումներին. խորհրդարանում ներկայացված չորս ուժերից որեւէ մեկն այլեւս չունի կայուն մեծամասնություն` չունի 53 մանդատ: Սա այն բանից հետո, երբ հերթական պատգամավորը (երեկվա դրությամբ արդեն վեց հոգի) հայտարարեց ՀՀԿ խմբակցությունից դուրս գալու մասին: Հիմա երբեմնի իշխող խմբակցությունում մնացել է 52 պատգամավոր, բայց այդ թիվն էլ դեռ նվազելու է: Մյուս կողմից կայուն մեծամասնություն չունեն գործադիր իշխանությունում ներկայացված «Ելք», «Ծառուկյան» եւ ՀՅԴ խմբակցությունները. այստեղ էլ 47 պատգամավոր է: Դեռ փաստ չէ, որ ՀՀԿ-ից դուրս եկածներն ամեն առիթով կաջակցեն գործադիրին, եթե անգամ աջակցեն, ֆորմալ առումով նրանք չեն կարող խմբակցություն ձեւավորել ու միանալ իշխանությանը:


Միանշանակ չէ, որ կառավարության կազմում եղած «Ծառուկյան» կամ ՀՅԴ խմբակցություններն էլ մշտապես ամբողջական կազմով կաջակցեն Փաշինյանին. չի բացառվում կարեւոր օրենքների ընդունման ժամանակ ականատես լինենք թեկուզ հարգելի բացակայությունների: Արդյունքում ստացվել է այնպես, որ կայուն մեծամասնություն չունենալը կդժվարեցնի իշխանության` որոշումներ կայացնելու հնարավորությունը: Այսօր գործող սահմանադրության պարագայում նման իրավիճակը վտանգավոր է պետության կառավարելիության տեսանկյունից. սա ռումբ է` դրված պետականության հիմքերում, որի պայթյունն անկանխատեսելի հետեւանքներ կարող է ունենալ: Ուստի ելքը մնում է արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումն ու սահմանադրության փոփոխությունը` վերականգնելով նախագահական կամ կիսանախագահական համակարգը»:


«Փաստ» օրաթերթը գրում է. «ՀՀԿ իշխանության տարիներին տարբեր ուժեր վիճարկել են «ամենաընդդիմադիրի» տիտղոսը: Հիմա, կարծես, փոքր-ինչ այլ է: Երեկ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը հայտարարեց, որ «ռազմավարական տեսակետից ՀՀԿ-ն խորհրդարանում և ամբողջ քաղաքական դաշտում միակ ընդդիմությունն է»: Արմեն Աշոտյանն ասաց, որ իրեն ծանոթ չէ որևէ արտախորհրդարանական քաղաքական ուժ, որը իրեն դիտարկում է որպես ընդդիմություն: Ինչ վերաբերում է ՀՀԿ խմբակցությունը լքողներին, ապա Աշոտյանի կարծիքով՝ «ֆրակցիայից որոշ գործիչների դուրս գալը պայմանավորված է նաև պետական ապարատի ոչ համաչափ և ռեպրեսիվ հնարավոր գործողություններով»: Արձանագրելով, որ ՀՀԿ-ն խորհրդարանում այլևս մեծամասնություն չէ՝ Աշոտյանը մեկ այլ ուշագրավ դիտարկում է արել՝ կապված մոբիլ իզացիայի հետ. «Քանի որ շատ փոքր է ձայների տարբերությունը, և անգամ եթե 1-2 պատգամավոր էլ լքի ՀՀԿ-ն, քվեարկության ժամանակ մոբիլիզացիայի խնդիր կա բոլոր կողմերից էլ»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Ավագյանը դիմում էր ներկայացրել ՀՀ Քննչական կոմիտե` նույն այդ հիմնադրամի գործադիր տնօրեն Ալեքսանդր Տեր-Հովակիմյանի գործողությունների հետ կապված: Բանն այն է, որ տնօրենը հիմնադրամի անունից ինքն իր հետ կնքել է 326 մլն ՀՀ դրամի փոխառության պայմանագիր, ինչն օրենքի խախտում է, եւ հիմա հարուցվել է քրեական գործ: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ թավշյա հեղափոխությունից հետո Ավագյանը, մտավախություն ունենալով, որ նոր իշխանությունները ստուգումներ կսկսեն, ինքն է պատվիրել հիմնադրամում ներքին աուդիտ, եւ բացահայտվել են այդ փաստերը: Տեր-Հովակիմյանն էլ Ավագյանի հետ հեռախոսազրույցում ասել է, թե այդ քայլին է դիմել լուրջ խնդիրների առաջ կանգնելու պատճառով. կինն առողջական խնդիրներ ունի, իսկ գումարի մի մասն էլ ծախսել է դստերը արտերկրում ուսման տալու համար: «Ժողովուրդ» օրաթերթը մեկնաբանությունների համար դիմել Է Տեր-Հովակիմյանին, որն էլ ասել է. «Այս ժամանակահատվածում հարգեք իմ լռելու իրավունքը»:

«Ժամանակ» օրաթերթը գրում է. «Ռուսաստանցի գործարար Ռուբեն Գրիգորյանը, ով ավելի շատ հայտնի է որպես Զարուհի Փոստանջյանի և նրա ղեկավարած «Երկիր Ծիրանի» կուսակցության հովանավոր, պատրաստվում է «Սփյուռք 2.0» անվանումով միջոցառում կազմակերպել: Միջոցառման մեջ 2 թիվը խորհրդանշում է Ռուսաստանի սփյուռքը միավորելու երկրորդ փորձը՝ համարելով, որ առաջին փորձը ձախողել է Արա Աբրահամյանը: Գրիգորյանը հույս ունի, որ եթե ներկայացուցչական կազմ հավաքի և ստանա Հայաստանի նոր իշխանության աջակցությունը, ապա կարող է Ռուսաստանի իշխանությանը ասել, որ այսուհետ Ռուսաստանի հայ համայնքը ներկայացնում է ինքը: Նախապես կար պայմանավորվածություն, որ միջոցառմանը ելույթ կունենա ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը, սակայն նա գերադասել է հեռու մնալ ներռուսաստանյան հակամարտությունից և չդառնալ դրա կողմ: Հիմա էլ միջոցառման մասնակիցները փորձում են վարչապետ Նիկոլ Փաշինյանից իրենց միջոցառումը ողջունելու տեսաուղերձ պոկել»:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Հայաստանում թավշյա հեղափոխությունից հետո խոշոր տնտեսվարող ընկերությունների տնօրեններ որոշել են կարգի բերել իրենց թղթաբանությունը: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ նրանք իրենց իրավաբանների աջակցությամբ սեփական նախաձեռնությամբ այցելում են Երեւանի քաղաքապետարան, նաեւ այն համայնքապետարաններ, որտեղ իրենց ընկերություններն են տեղակայված, եւ որոշակի ճշտումներ անում գույքի եւ հողի հարկերի վերաբերյալ: Մասնավորապես, մեզ հայտնի դարձավ, որ նրանք հետաքրքրվում են` արդյոք պայմանագրերը օրինական են կնքված կամ ամեն ինչ ճիշտ է հաշվարկված, ճիշտ է գոտիավորված, թե ոչ: Ավելին` նրանք հնարավորինս փորձում են իրենց «ապահովագրել» նախկինում կատարած սխալներից: Ի վերջո, նախկինում դեպքեր են եղել, երբ բանավոր կերպով երկուստեք ձեռնտու տարբերակով պայմանավորվել են տեղական հարկերի դրույքաչափերի ուղղությամբ: Իսկ հիմա մեծ արագությամբ ամեն բան անում են, որպեսզի նոր իշխանությունները իրենց վրա «կեղտ» չբռնեն ու շտկեն իրավիճակը»: