Վրաստան կատարվելիք պաշտոնական այցի շրջանակներում Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 31-ին կայցելի նաև Սամցխե-Ջավախքի տարածաշրջան։
Վրաստանում ՀՀ դեսպանությունից հայտնում են, թե վարչապետը կարճատեւ կանգառներ կունենա Ծալկա, Փոկա, Գանձա և Սաթխա գյուղերում, որտեղ կհանդիպի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Այնուհետև կմեկնի Նինոծմինդա քաղաք, որտեղ «Հայոս-Քարթլոս» արձանախմբի հարակից տարածքում կհանդիպի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, որից հետո կայցելի Ախալքալաք։ Տեղի Սուրբ Խաչ եկեղեցում կկատարվի մոմավառություն, իսկ մշակույթի պալատում կկայանա հանդիպում հայ համայնքի ներկայացուցիչների հետ:
Փաշինյանի այցը Ջավախք շատ հատկանշական է և կարևոր` շեշտելու համար կապը Հայրենիքի ու հայաբնակ այդ շրջանի հետ։ Տարիներ շարունակ Ջավախքի խնդիրները դուրս էին մնացել պաշտոնական Երևանի ուշադրությունից։ Հայտարարություններից այն կողմ Ջավախքում իրական տնտեսական, ներդրումային ծրագրեր հայկական կողմը չի նախաձեռնել, չնայած այն հանգամանքին, որ այդ տարածաշրջանից բավականին մեծ արտագաղթ կա դեպի ՌԴ ու Հայաստան։
Ջավախքում շատ ակտիվ տնտեսական, դեմոգրաֆիկ էքսպանսիա է իրականացնում թուրք–ադրբեջանական տանդեմը. Անկարայի ու Բաքվի նպատակն է հայաթափել Ջավախքը, այն բնակեցնել մահմեդականներով` հնարավորության դեպքում ադրբեջանցիներով կամ թուրք–մեսխեթցիներով, որոնք բնակվում են Թուրքիայում ու Ադրբեջանում։ Բաքուն ու Անկարան լոբբինգ են անում նրանց վերադարձը Ջավախք։
Թուրք-ադրբեջանական ներդրումները վրացական տնտեսության մեջ նաև քաղաքական լծակներ, ազդեցություն ստեղծելու նախապայման են: Տրանսպորտային՝ Կարս-Թբիլիսի-Բաքու երկաթգծի վրացական հատվածը կառուցվել է ադրբեջանական վարկով, էներգետիկ՝ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան, Բաքու-Թբիլիսի-Էրզրում, TANAP և այլ նախագծերը, Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա էներգետիկ կամրջի նախագծերը հագեցնում ու հարստացնում են Թբիլիսի-Բաքու, Բաքու-Թբիլիսի-Անկարա հարաբերությունների օրակարգը:
Վրաստանում բնակվում է կես միլիոնի հասնող ադրբեջանական համայնքը, որը Բաքվի կողմից ազդեցության, այս անգամ՝ դեմոգրաֆիկ ազդեցության լծակ է: Ադրբեջանական իշխանությունները ներդրումներ են կատարում ադրբեջանաբնակ շրջաններոմ՝ Քվեմո-Քարթլի և այլն, որպեսզի տեղի ադրբեջանցիները չարտագաղթեն, բնակվեն Վրաստանում, հետադարձ կապ պահպանեն Ադրբեջանի հետ և այդ նպատակով կառուցվում են մզկիթներ, որպեսզի այդ բնակչության մեջ պահպանվի թյուրքական, իսլամական գաղափարախոսությունը, որն անհրաժեշտ պահին օգտագործվելու է թե՛ տեղի հայերի դեմ, քանզի Քվեմո-Քարթլիում կան նաև հայաբնակ գյուղեր կան, թե՛ ՀՀ-ի դեմ՝ ադրբեջանաբնակ շրջանները սահմանակից են ՀՀ Լոռու ու Տավուշի մարզերին:
Վրաստանի բնակչությունը ծերանում է, վրացիների մոտ ժողովրդագրական ճգնաժամ է, որը շուտով աղետի է վերածվելու: Թուրք-ադրբեջանական տանդեմն այդ ժամանակ օգտագործելու է արտագաղթը Ջավախքից՝ այնտեղ թուրք-մեսխեթցիներ, մահմեդական աջարացիներ, շինարարների անվան տակ ադրբեջանցիներ ու թուրքեր բնակեցնելով: Դրա հետևանքով Հայաստանի հյուսիսային սահմանների երկայնքով՝ Աջարիայից, դեմոգրաֆիկ դեմքի փոփոխությունից հետո Ջավախքով մինչև ադրբեջանաբնակ Քվեմո-Քարթլի ձգվելու է թյուրքական-մահմեդական առանցքը: Այսինքն ՀՀ-ի հյուսիսային՝ դե-յուրե հայ-վրացական սահմանը դե-ֆակտո վերածվելու է հայ-ադրբեջանա-թուրքական սահմանի:
Այդ հարցին պետք է լուրջ ուշադրություն դարձնել, քանի որ ՀՀ-ի ու Սփյուռքի ուշադրությունը կենտրոնացած է հիմնականում ղարաբաղյան հարցի ու Հայոց ցեղասպանության վրա, սակայն Վրաստանում հայաթափության, հայկական գործոնի տարեցտարի նվազման ու ադրբեջանա-թուրքական գործոնի ավելացման մասին քիչ է խոսվում, սակայն դա «չպայթած ռումբ» է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ու սահմանների անձեռնմխելիության համար: