Մոսկվան` ռազմավարական դաշնակից. ՀՀ արտաքին քաղաքական ուղենիշները չեն փոխվում
ՀՀ կառավարությունը ներկայացրել է իր նոր ծրագիրը, որը պետք է հավանության արժանանա ԱԺ–ի կողմից։
Կառավարության արտաքին քաղաքականության ուղենիշներում պահպանվել են հիմնական այն ուղղությունները, որն այսքան տարիներ կյանքի էր կոչում պաշտոնական Երևանը միջազգային հարթակներում։ Ըստ կառավարության նոր ծրագրի, ՀՀ–ն շարունակելու է ՌԴ–ին դիտարկել որպես ռազմավարական դաշնակից, իսկ Մոսկվայի հետ ռազմական համագործակցությունը համարվում ՀՀ ազգային անվտանգության ապահովման կարևոր բաղկացուցիչ։
Բացի այդ, ԵԱՏՄ–ի ու ՀԱՊԿ–ի հետ համագործակցությունն ու կապերի ընդլայնումը կառավարության նոր ծրագրի առաջնահերթություններից են` ՀՀ–ն 180 աստիճանով չի շրջվում դեպի Արևմուտք, ՆԱՏՕ, ինչի մասին բազմաթիվ մտահոգություններ էին հնչում թե’ Մոսկվայում, թե’ Երևանում։
ՌԴ–ի հետ բարեկամական կապերի պահպանման ու ռազմա–տեխնիկական համագործակցության ընդլայնման մասին նշել էր նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` ՌԴ–ի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը։ ՀՀ–ի ազգային անվտանգության, այդ թվում ռազմական` ՀԱՊԿ–ը, տնտեսական ապահովման համար` ԵԱՏՄ–ն մնում են այն հարթակները, որից Երևանը պետք է մաքսիմալ օգուտներ քաղի, իսկ Մոսկվան ՀՀ–ի ազգային անվտանգության, տարածքային ամբողջականության ու ՀՀ–ի քաղաքացիների ֆիզիկական անվտանգության ապահովման գլխավոր դաշնակիցն ու երաշխավորն է։
Կառավարության նոր ծրագրում շեշտվում է նաև ԱՄՆ–ի, ԵՄ–ի հետ կապերի ընդլայնումը` տնտեսական և այլ ոլորտներում, ինչը նույնպես տեղավորվում է տարիներ շարունակ ՀՀ–ի կողմից վարվող կոմպլիմենտար, դիվերսիֆիկացված քաղաքականության տարրերի մեջ։
Սա նշանակում է, որ ՀՀ–ն չի ունենալու միակողմանի ռուսամետ դիրքորոշում, այլ հավասարազոր կապեր նաև աշխարհի այլ ուժային կենտրոնների հետ։ Չմոռանանք, որ Արևմուտքում բնակվում են բազմաթիվ հայեր` Սփյուռքի ներկայացուցիչներ, իսկ եվրոպական երկրների ու ամերիկյան շուկան և ներդրումները կարևոր են ՀՀ–ի պես բազմաթիվ սոցիալ–տնտեսական խնդիրներ ունեցող երկրի համար։
Ծրագրում շեշտվում է նաև հարևան երկրների` Վրաստանի, Իրանի հետ բազմակողմ կապերի զարգացման անհրաժեշտությունը։ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը նույնպես շարունակում է մնալ ուշադրության կետրոնում։
Ինչ վերաբերվում է ՀՀ–ի և ամբողջ հայ ազգի համար կարևորագույն ղարաբաղյան հարցին, ապա կառավարության նոր ծրագրում առկա է կարևոր շեշտադրում` Արցախը , որպես հակամարտության հիմնական կողմ պետք է որոշիչ ձայն և ներգրավվածություն ունենա իրական և տևական խաղաղ հանգուցալուծման գործընթացում։
Դա նույնպես համահունչ է Փաշինյանի այն հայտարարությունը, որ Արցախը պետք է դառնա բանակցային լիիրավ կողմ ու վերադառնա բանակցային սեղանի շուրջ։ Այս գաղափարի հետ, սակայն, կտրականապես դեմ է պաշտոնական Բաքուն, ով չի ցանկանում փոխել բանակցային այսօրվա դե–ֆակտո ֆորմատը` ՀՀ–Ադրբեջան` Մինսկի խմբի միջնորդությամբ։