Ինչո՞ւ են բուհերը միլիոններ փոխանցել Կարեն Ավագյանի հիմնադրամին. ԵՊՀ ռեկտորն անկեղծացավ
ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը պարզաբանել է, թե ինչու են տարիներ շարունակ հարյուրավոր միլիոն դրամներ փոխանցել Երիտասարդական հիմնադրամին, որի նախագահը ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Ավագյանն է:
Ինչպես գրում է news.am-ը, նա նշեց, որ որ դեռեւս 2001 թվականից այդ պրակտիկան կա.
«Եղել է պայմանավորվածություն ինձնից առաջ: 2001 թվականին, այն ժամանակվա նախագահի (Ռոբերտ Քոչարյան-խմբ) եւ ռեկտորների միջեւ, որպեսզի արտաբյուջեից ավելացված արժեքի 20 տոկոսը չվճարեն բուհերը, 2 տոկոսը փոխանցեն Երիտասարդական հիմնադրամին: 18 տոկոս այստեղ շահում ես, պարզ հաշվարկ է: Իսկ եթե լիներ օրենք, որ 20 տոկոսը պետք է վճարեն ԱԱՀ, դա բեռ կլիներ բոլոր բուհերի համար: Ինձնից առաջ էլ է վճարվել, ես էլ եմ վճարել»,-ասաց Արամ Սիմոնյանը:
Նա նշեց, որ այդ վճարման 50 տոկոսը այս կամ այն ծրագրերի ձեւով վերադարձվել է բուհին:
«Այս տարի հունվարին 25 մլն դրամը փոխանցել ենք, որից 15 մլն-ը հետ է եկել ուսման զեղչերի ձեւով, ուսման վարձ է փակվել: Մնացած մասը չենք փոխանցել եւ հիմա դա որպես պարգեւ բաժանելու ենք աշխատողներին՝ իրենց աշխատավարձի 50 տոկոսի չափով»,-հայտարարեց նա:
Հիշեցնենք, որ ԿԳ նոր նախարար Արայիկ Հարությունյանը հայտարարել էր, որ այլեւս բուհերը չպետք է գումարներ փոխանցել այդ հիմնադրամին:
Հիշեցնենք նաև, որ այսօր առավոտվանից ԵՊՀ-ում դասադուլ ու գործադուլ է մեկնարկել, հիմնական պահանջը Արամ Սիմոնյանի հրաժարականն է: