«Արտակարգ» վարժանք Հայաստանում՝ ՀԱՊԿ շրջանակներում
Մայիսի 15-ին եւ 16-ին Հայաստանի Կոտայքի մարզի Գետարգել համայնքում գտնվող «Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնում» կանցկացվի «Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրների աղետների կանխման եւ արտակարգ իրավիճակների հետեւանքների վերացման հարցերում լիազոր մարմինների ստորաբաժանումների կառավարում՝ նպատակային խնդիրները լուծելու համար» թեմայով հավաք: Այս մասին հայտնում է ԱԻՆ-ի Արտակարգ թերթը:
Միջոցառումն իրականացվում է Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության նախաձեռնությամբ՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության քարտուղարության համաձայնությամբ: Ներկա կլինեն պատասխանատու պաշտոնյաներ Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունից, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության քարտուղարությունից:
«Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի» տնօրեն փ/ծ գնդապետ Պավել Գյոզալյանի խոսքով, կլինեն ուսումնամեթոդական հավաքներ, կլոր սեղաններ եւ «Անտառային հրդեհի մարում» ցուցադրական վարժանք: Վարժանքում ներգրավված են Երեւանի Ավան վարևչական շրջանի եւ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարները: «Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնը» անօդաչու թռչող սարքով տեսանկարահանելու է վարժանքը եւ ողջ տեղեկությունը իրական ժամանակում փոխանցվելու է կենտրոնի ճգնաժամային իրավիճակների կառավարման կենտրոն եւ ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն, կապ կհաստատվի Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության հետ:
Ուսումնամեթոդական հավաքների, կլոր սեղանների ժամանակ կքննարկվեն հետեւյալ թեմաները. «ՀԱՊԿ գործունեության հիմնական ուղղությունները», «Արտակարգ իրավիճակների կանխման եւ հետեւանքների վերացման լիազոր մարմինների հատուկ եւ մարտական պատրաստվածության կատարելագործում», «Ճգնաժամային իրավիճակներին արձագանքելու ՀԱՊԿ համակարգը», «Հայաստանի ԱԻ նախարարության համար կադրերի պատրաստման կազմակերպումը» եւ այլն: