Սերժ Սարգսյանն արտակարգ դրություն սահմանելու հարց չի քննարկել. պաշտոնական
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն ապրիլին, վարչապետի պաշտոնը զբաղեցնելու օրերին, երկրում արտակարգ դրություն սահմանելու հարց չի քննարկել: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Սարգսյանի գրասենյակի ղեկավար Նաիրի Պետրոսյանն՝ արձագանքելով Reuters-ում հրապարակված հոդվածին։
«Որպես Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակի ղեկավար կցանկանայի հայտնել Մարգարիտա Անթիձեին (Reuters-ում հոդվածի հեղինակ), որ 2018-ի ապրիլին Հայաստանում ծավալված իրադարձությունների ժամանակ Սերժ Սարգսյանը չի քննարկել արտակարգ դրություն սահմանելու հարցը: Արտերկրի առաջնորդներից ոչ մեկի հետ», - ասվում է գրառման մեջ:
Հիշեցնենք, որ Reuters-ը դիվանագիտական աղբյուրի վրա հղումով գրել էր, թե Ապրիլի 23-ին իր հրաժարականի մասին հայտարարելուց 24 ժամ առաջ Հայաստանի վարչապետի պաշտոնը ստանձնած Սերժ Սարգսյանըհեռախոսազրույցներ է ունեցել Ռուսաստանի պաշտոնյաների հետ:
Այդ 24 ժամվա ընթացքում Սերժ Սարգսյանն ակտիվ քննարկումներ է ունեցել իր թիմի անդամների և պաշտոնյաների հետ: Նրանք քննարկել են երկրում արտակարգ դրություն հայտարարելու հնարավորությունը, ինչն ավելի լայն իրավունքներ կտար ուժային կառույցներին ցուցարարների դեմ պայքարում, գրել է թերթը: