25.11.2024
Արմատախիլ անել կոռուպցիան. Ի՞նչ ակնկալիքներ ունի Փաշինյանը Օսիպյանից ու Վանեցյանից
prev Նախորդ նորություն

Մամուլ. Նիկոլ Փաշինյանն ու Գագիկ Ծառուկյանը պայմանավորվել են

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` երեկ հանդիպել են վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը: Չնայած Ծառուկյանը բազմիցս հայտարարել է, թե իրենք Փաշինյանին սատարում են առանց նախապայմանների, սակայն հստակ է, որ ԲՀԿ-ն իրականում մեծ հավակնություններ ունի: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` հանդիպումից հետո հստակ պայմանավորվածություն է ձեռք բերվել դեռեւս միայն 4 նախարարական պորտֆելի մասին: Դրանք են՝ արտակարգ իրավիճակների, էներգետիկ եւ բնական ենթակառուցվածքների, տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների եւ բնապահպանության նախարարությունները: Չի բացառվում` ԲՀԿ-ին տրվող պորտֆելներն ավելանան: Ի վերջո, սպորտի նախարարները մշտապես եղել են Գագիկ Ծառուկյանի թիմակիցները, եւ, ամենայն հավանականությամբ, այս անգամ եւս այդ պորտֆելը կրկին կտրվի ԲՀԿ-ին: Մեր տեղեկություններով` Փաշինյանն ու Ծառուկյանը նաեւ քննարկել են Երեւանի վարչական շրջանների ղեկավարների պաշտոնները բաժանելու հարցը, իսկ սա նշանակում է, որ Տարոն Մարգարյանի պաշտոնանկությունը սարերի հետեւում չէ»:

«Ժամանակ» թերթը գրում է. «Ժամանակ»-ի արցախյան աղբյուրները հաղորդում են, որ տեղի ռազմաքաղաքական ղեկավարությունը ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնում ուզում է տեսնել մի մարդու, որը կկարողանա աշխատել Ռուսաստանի հետ: Ըստ մեր աղբյուրի՝ այդպիսին կարող է լինել ՀՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ-լեյտենանտ Վաղարշակ Հարությունյանը: ԼՂՀ ռազմաքաղաքական ղեկավարությունը մտավախություն ունի, որ հակառակ պարագայում Ռուսաստանը կարող է քայլեր ձեռնարկել ռազմական հավասարակշռությունը հօգուտ Ադրբեջանի շեղելու ուղղությամբ, որը կվտանգի ինչպես Արցախի, այնպես էլ ամբողջ Հայաստանի անվտանգության համակարգը»:

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2 կարեւոր նշանակում արեց՝ ԱԱԾ պետ նշանակեց Երեւանի վարչության պետի տեղակալ Արթուր Վանեցյանին, իսկ ոստիկանապետ՝ Վալերի Օսիպյանին։
Վանեցյանն ԱԱԾ երկարամյա աշխատակից է, կադրային սպա։ Նրա մայրը երկար տարիներ աշխատել է նախագահի նստավայրում։ Կինը գործարարությամբ է զբաղվում՝ մոտ 1 տարի առաջ բացված «Վիլլա մոնթեսորի» մանկապարտեզի հիմնադիրն է։ Օսիպյանը ՀՀ քաղաքացիներին քաջ ծանոթ է որպես ցույցեր ցրելու մեծ մասնագետ, նրան հիշում են դեռ Հոկտեմբերի 27-ի գործից՝ Նաիրի Հունանյանի խմբին ուղեկցող ոստիկանների ջոկատի հրամանատարն էր։ Երկուսն էլ «Սասնա ծռերի» դեպքերի ժամանակ ակտիվ դերակատարում են ունեցել․ Վանեցյանը՝ ԱԱԾ-ից, Օսիպյանը՝ որպես պատանդ»։

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀԿ-ն երեկ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ ԳՄ նիստ է անցկացրել: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Սերժ Սարգսյանը հանձնարարականներ է տվել ՀՀԿ-ականներին՝ որպես ընդդիմություն խորհրդարանում անելիքների հետ կապված: Նա ասել է, թե ՀՀԿ-ն պետք է լինի կառուցողական ընդդիմություն եւ չպետք է անհարգի քայլերով նոր կառավարության համար անհարմար վիճակներ ստեղծի:Ըստ մեր աղբյուրների՝ Սերժ Սարգսյանն անդրադարձել է նաեւ մայիսի 8-ին Նիկոլ Փաշինյանին վարչապետ ընտրելու օրը ԱԺ նախկին փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի բացակայությանը: Սերժ Սարգսյանն ասել է, թե նրա բացակայությունն անհարգելի է համարում, քանի որ Նաղդալյանը կարող էր գալ ԱԺ, դեմ քվեարկել Փաշինյանին՝ ապահովելով եւս մեկ «դեմ» ձայն: Նշենք, որ Նաղդալյանը մեկնել էր ԱՄՆ՝ առողջական խնդիրների հետ կապված, Սարգսյանն էլ ասեր էր, թե Նաղդալյանը կարող էր մեկ օր սպասել»:

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. ««ՉԻ» տեղեկություններով՝ կառավարության փաշինյանական ապարատում Էդվարդ Նալբանդյանի փոխարեն արտաքին գործերի նախարարի պաշտոնում ցանկանում են տեսնել «Սիվիլիթաս» հիմնադրամի հիմնադիր-տնօրեն Սալբի Ղազարյանին: Հիշեցնենք, որ վերջինիս գործընկեր, նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը շնորհավորելով Նիկոլ Փաշինյանին վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ, իր հղած շնորհավորական ուղերձում ի մասնավորի ասել էր. «Անձամբ ես ներդնելու եմ իմ փորձը, գիտելիքները, կապերը և բոլոր հնարավորությունները՝ կողքից նպաստելու նոր կառավարության հաջողություններին»:

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մեր տեղեկություններով, արդեն մի քանի օր է՝ Սերժ Սարգսյանը լքել է Կոնդի «կառավարական դաչան» եւ բնակվում է զարմիկներից մեկի առանձնատանը։ Այս օրերին էլ նա նստում է իրեն սպասարկող ավտոմեքենայի հետնամասում, հանդիպումների գնում՝ առանց իր վրա ուշադրություն հրավիրելու։
Այսօր տեղի ունենալիք կառավարության նիստում քննարկման է ներկայացված 16 հարց (որոնցից երկուսը հանված են), սիմվոլիկ 13-րդ հարցը վերաբերում է «Անհատույց օգտագործման իրավունքով տարածք հանձնելու մասին» չզեկուցվող հարցին, որով նախատեսված է պաշտոնաթող նախագահին բնակավայր հատկացնել։ Այլ մանրամասներ չկան փաստաթղթում»։

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Գրանդ Հոլդինգի» կողմից Ազգային Ժողովում ներկայացված անկուսակցական պատգամավորներ Գրիգոր Ավալյանը եւ Արմեն Բաբայանն այլեւս չեն լինելու պատգամավոր: Ինչպես տասն օր առաջ Գրիգոր Ավալյանը, այնպես էլ այսօր Արմեն Բաբայանը դիմում գրեց եւ վայր դրեց պատգամավորի մանդատը: Մեր կարծիքով, նոր Հայաստանի Ազգային Ժողովում գործարարների ներկայության կարիք այլեւս չի լինելու»,- երեկ նման հայտարարություն է տարածել Վարդանյան եղբայրներին պատկանող «Գրանդ Հոլդինգ» ընկերությունը: Սա իսկապես զավեշտ է: Ինչպես հայտնի է` «Գրանդ Հոլդինգը» ո՛չ կուսակցություն է, ո՛չ էլ կուսակցությունների դաշինք, այլ արտադրական խոշոր ձեռնարկություն: Բայց արի ու տես, որ իր առանձին «խմբակցությունն» է ունեցել ԱԺ-ում, այն էլ խորհրդարանական տարբեր խմբակցությունների կազմում: Գրիգոր Ավալյանը` ՀՀԿ, Արմեն Բաբայանն էլ ՀՅԴ խմբակցություններում են «տեղակայված եղել»: Ու, մեղմ ասած, անհասկանալի է` ի՞նչ իրավունքով է արտադրական ձեռնարկությունն ԱԺ-ում պատգամավորներ ներկայացրել: Չնայած պարզ է` այս հոլդինգն իր շահից ելնելով` ներկայացուցիչներ է գործուղել խորհրդարան` անհրաժեշտ պահի անհրաժեշտ կոճակը սեղմելու համար: Ընդ որում, «Գրանդ Հոլդինգ» ընկերությունը 2004թ. սկսած ավանդաբար իր երաշխավորված տեղերն է ունեցել ԱԺ-ում, այն էլ տարբեր խմբակցություններում` պարբերաբար գործուղելով տարբեր մարդկանց: Այդ ամենի դիմաց ընկերությունը հավանաբար նաեւ «մուծվել է» համապատասխան կուսակցություններին` ֆինանսավորելով քարոզարշավը: Եւ հիմա պետք է արձանագրենք` «Գրանդ Հոլդինգի» հայտարարությունը լավագույն ինքնախոստովանությունն է այն բանի, որ ՀՀ-ում սերտաճած են բիզնեսն ու քաղաքականությունը, ըստ այդմ, պարբերաբար խախտվել է ՀՀ Սահմանադրությունը»:

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի՝ վարչապետ ընտրվելուց առաջ ՀՀԿ-ում որոշել են հրաժարականների շքերթ կազմակերպել՝ թաղապետերով, մարզպետներով, փոխնախարարներով։ Բոլորը դիմումներ են գրել, սակայն հետո մտքափոխվել են։ «Վերջին տարիներին ով ասես մտավ կուսակցություն, ոչ մեկին այդպես էլ չհանեցինք ճիշտ ժամանակին ու ճիշտ պահին, արդյունքն էլ եղավ այն, որ ժամանակին գաղափարախոսական թիվ մեկ ուժը վերածվեց մականունավորների եւ օլիգարխների կուսակցության։ Հիմա պետք է ազատ թողնել։
Նրանք, ովքեր գաղափարի համար են մեզ միացել, կմնան, ովքեր ոչ՝ Աստված իրենց հետ, կուսակցությունն էլ կմաքրվի»,- բացատրեց ՀՀԿ-ականներից մեկը։ Այսօր, երեկոյան 6-ին ՀՀԿ խորհրդի նիստ է լինելու, քննարկելու են վարչապետի քվեարկության օրը ՀՀԿ-ականների պահվածքը։ Ի դեպ, հնարավոր է Շիրակ Թորոսյանին ստիպեն վայր դնել մանդատը»։