Ռուսաստանցիների մոտ 80%-ը կարծում է՝ ՀՀ դեպքերի կրկնությունը ՌԴ-ում անհնար է
Հասարակական կարծիքի ուսումնասիրության համառուսաստանյան կենտրոնի հարցման արդյունքում պարզվել է, որ ռուսաստանցիների կեսից ավելին հետևում է հայաստանյան իրադարձություններին, այտնում է ՏԱՍՍ-ը:
Ռուսաստանցիների 78%-ը (հետաքրքրվողներից) կարծում է, որ ՀՀ իրադարձությունների կրկնությունը ՌԴ-ում անհնար է, իսկ 15 տոկոսը դա հնարավոր է համարում՝ այս խմբին են հարում հիմնականում երիտասարդները, 18-24 տարեկանները:
Ինչպես վկայում են հարցման արդյունքները, Հայաստանում ստեղծված իրավիճակով հետաքրքրվում է հարցվածների 50 տոկոսը, սակայն ուշադիր հետևում է միայն 9 տոկոսը, մինչդեռ մյուսները՝ ժամանակ առ ժամանակ: Հարցման մասնակիցների 40 տոկոսը հայտնել է, որ չի հետաքրքրվում այդ թեմայով:
Հարցման մասնակիցների 28 տոկոսը հայաստանյան իրադարձությունները բնութագրել է որպես թավշյա հեղափոխություն, 14 տոկոսը՝ որպես զանգվածային հուզումներ, բողոքի ակցիաներ, կապված Սարգսյանի ընտրության հետ, 10 տոկոսը՝ որպես պետության ղեկավարի նոր ընտրություններ, իսկ 30 տոկոսը դժվարացել է պատասխանել:
Հարցման մասնակիցների 28 տոկոսը կարծում է, որ այս իրադարձությունների հետևանքով հայ-ռուսական հարաբերությունները կվատթարանան, 20 տոկոսը՝ որ կբարելավվեն, իսկ 27 տոկոսը կարծում է, որ ոչ մի կերպ չեն ազդի: