«Հայկական տոնածիսական մշակույթ․ տեսական և գործնական գիտելիքներ» մեթոդական ձեռնարկը նախօրեին ներկայացվեց Հայաստանի պատմության թանգարանում:
Այն լույս է տեսել «1000 Վահան» կրթամշակութային բարեգործական հիմնադրամի և «Ամրոց» ազգային զարգացման հիմնադրամի ջանքերով։ Հիմնադրամի համահիմնադիր և գլխավոր տնօրեն Սրբուհի Մովսիսյանի խոսքով, ձեռնարկը 2023–ից տարբեր մարզերում, սահմանամերձ համայնքներում հիմնադրամի իրականացրած տոնածիսական դասընթացների և տարբեր ծրագրերի արդյունքն է։

Ձեռնարկը հնարավորություն է տալիս, որպեսզի բոլորը կարողանան՝ անկախ տարիքից, սեռից, գտնվելու վայրից, սովորել և կիրառելի դարձնել սովորածը.
«Այստեղ, հավուր պատշաճի, ներկայացված են բոլոր տոները, բավական մատչելի է, գիտական ժարգոնիզմ այստեղ չկա։ Հասկանալի լեզվով ուսուցիչների, երեխաների համար․ նրանք կարող են հաղորդակից դառնալ մեր մշակութային ժառանգության այս կարևոր շերտին։ Այստեղ կարող եք տեսնել որոշակի թանգարանային առարկաների պատկերներ, որոնք հենց վերաբերում են հարսանեկան հանդերձանքին»,- իր խոսքում նշեց «Սարդարապատ» թանգարանի գիտական գծով փոխտնօրեն, ազգագրագետ Սվետլանա Պողոսյանը:
Ազգագրագետ Նարինե Շամամյանի խոսքով, այս օրերին, երբ հարևան պետությունները յուրացնում մեր պատմամշակութային ժառանգությունը կամ փորձում ջնջել այն հիմնահատակ, ձեռնարկ ստեղծելու և հայկական տոնածիսական մշակութային ժառանգությունն ավելի մասշտաբային փոխանցելը անհրաժեշտություն է:
«Մարզային դասընթացների ընթացքում փոխանցվել են ոչ միայն հայկական երգերն ու պարերը, այլ նաև տիկնիկագործության և ասեղնագործության ավանդույթները։ Յուրաքանչյուր տոն ունի իրեն բնորոշ տիկնիկները, ունի իրեն բնորոշ ծիսական կերակուրը, երգը, պարը, հագուստը, խաղերը և բազմաթիվ այլ հետաքրքիր ծիսական առարկաներ, որոնք, իհարկե, ներառված են ձեռնարկում»,– ընդգծել է նա։