29.09.2026
Դիրքային զիջումների մասին հրապարակումները կեղծ են․ Մհեր Գրիգորյան
prev Նախորդ նորություն

ՀՀ-ն հանձնառու է լիարժեք իրականացնել ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման ծրագիրը. ՆԳՆ

Սեպտեմբերի 28-ին ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը հանդիպել է Եվրոպական Միության Խորհրդի Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով աշխատանքային խմբի պատվիրակության անդամների հետ:


Հանդիպմանը մասնակցել են ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը, ԵՄ անդամ պետությունների դեսպաններ, ՆԳ նախարարության և դիվանագիտական ներկայացուցիչներ։


ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը շնորհակալություն է հայտնել պատվիրակության անդամներին ՀՀ–ԵՄ համագործակցության առաջմղմանն ուղղված շարունակական ջանքերի համար։ Նախարարը նշել է, որ Եվրոպական Միության հետ ձևավորված սերտ և կառուցողական համագործակցությունն ու համատեղ օրակարգը հնարավորություն են տալիս ապահովել շոշափելի արդյունքներ։


Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսը շնորհակալություն է հայտնել ՆԳ նախարար Արփինե Սարգսյանին Վիզաների ազատականացման գործընթացում ունեցած առաջնորդության, ինչպես նաև ՆԳ նախարարությունում և Ոստիկանությունում իրականացվող բարեփոխումների համար։


ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը, որպես վիզաների ազատականացման գործընթացում հայկական կողմի գլխավոր բանակցող կարևորել է գործընթացի հաջող ընթացքը՝ այն համարելով Կառավարության առաջնահերթ ուղղություններից մեկը։


Նախարար Սարգսյանը ընդգծել է Հայաստանի հանձնառությունն ու հաստատակամությունը ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի լիարժեք իրականացման հարցում։ Խոսելով Վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացման ժամկետների մասին՝ նախարարը նշել է, որ հայկական կողմը որպես վերջնաժամկետ նախանշել է 2029 թվականը։


Նրա գնահատմամբ՝ Գործողությունների ծրագրի պատշաճ կատարումն ապահովելու է շոշափելի արդյունքներ ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման և առանց վիզայի ռեժիմի ապահովման ուղղությամբ:


Անդրադառնալով Վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի առաջնահերթություններին՝ նախարար Սարգսյանն առանցքային է համարել նաև միգրացիայի կառավարումը։ Նրա խոսքով՝ այդ ոլորտում կարևորագույն քայլերից մեկը պետություն-մասնավոր գործընկերության ձևաչափով նոր կենսաչափական համակարգի ներդրումն է, որի մեկնարկը կտրվի նոյեմբերի 1-ին։


Խոսելով սահմանների համալիր կառավարման մասին՝ նախարարն ընդգծել է, որ Հայաստանը հանձնառու է ներդնել ինտեգրված համակարգ՝ նպատակ ունենալով անցում կատարել անվտանգության ապահովմանն ուղղված նոր մոդելի։ Մշակվում է նաև սահմանների համալիր կառավարման ռազմավարությունը, որը նախատեսվում է Կառավարության հաստատմանը ներկայացնել մինչև տարեվերջ։


ՆԳ նախարարը պատասխանել է նաև պատվիրակության անդամների հարցերին։

Կադրային բանկը շարունակելու է գործել և համալրվել. Նիկոլ Փաշինյան
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` hetq.am
24.09.2026
Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը կանգ չի առել. Ալեն Սիմոնյան