25.11.2024
Վալերիյ Օսիպյանը` ՀՀ ոստիկանության պետ, Արթուր Վանեցյանը ԱԱԾ տնօրեն
prev Նախորդ նորություն

Արմատախիլ անել կոռուպցիան. Ի՞նչ ակնկալիքներ ունի Փաշինյանը Օսիպյանից ու Վանեցյանից

Մեր հեղափոխությունը նոր էջ է բացում: Այս մասին ուղիղ եթերում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` Վալերի Օսիպյանի և Արթուր Վանեցյանի` ՀՀ ոստիկանության պետի և Ազգային անվտանգության ծառայության տնօրենի նշանակումներից հետո:

Նա նշեց, որ նրանցից ակնկալում է լրջագույն արդյունքներ: Եվ հատկապես Վալերի Օսիպյանի նշանակումը, ըստ նրա, խորհրդանշական նշանակություն ունի, քանի որ հեղափոխությունից առաջ ինքն ու Օսիպյանը, «մենք և ոստիկանությունը ֆիզիկապես գտնվում էինք փշալարերի տարբեր կողմերում».

«Ես մտածեցի, որ այս որոշումը պետք է խորհրդանշանական լինի: Պետք է բոլորս այս որոշումից հետո նույն կողմում հայտնվենք: Սա խորհրդանշական է` պետք է փշալարերի մշակույթը փորձենք Հայաստանի Հանրապետությունից վերացնել: Հույս ունեմ, որ պարոն Օսիպյանը կարդարացնի ՀՀ քաղաքացիների հույսերը, որովհետև այսօր ոստիկանությունից շատ բան է կախված, մասնավորապես, իրավակարգի, օրինականության, քաղաքացու ինքնազգացողության առումով»,-հայտարարեց նա:

Ինչ վերաբերում է նորանշանակ ԱԱԾ պետին, Փաշինյանը նշեց, որ ԱԱԾ-ն, ի թիվս իր այլ գործառույթների, պետք է լրջագույն գործառույթներ իրականացնի կոռուպցիայի դեմ պայքարում.

«Մենք պետք է կոռուպցիան ուղղակի արմատախիլ անենք Հայաստանից ու դա պետք է անենք շատ արագ, չափազանց արագ: ՀՀ քաղաքացիներն ամեն օր դա պետք է զգան: Այս գործառույթների իրականացման մակարդակից է կախված լինելու ոստիկանության պետի և ԱԱԾ-ի աշխատանքի գնահատականը: Մեզ պետք են լինելու արդյունքներ, ժողովրդին պետք են տեսանելի արդյունքներ, և մենք այս պահից սկսած և հետագայում պաշտոնյային գնահատելիս պետք է ելնենք այն արդյունքներից, որոնք նրանք ցույց կտան: ՀՀ քաղաքացիները պետք է շատ արագ տեսնեն այդ արդյունքները ու գոհ լինեն ԱԱԾ և ոստիկանության աշխատանքից՝ մաքսային ոլորտում, ճանապարհային ոստիկանությունում, ոստիկանության որակի հետ կապված և այլն»,- ասաց նա` հույս հայտնելով, որ այդ գործառույթը լիարժեք կիրականացվի ԱԱԾ նոր տնօրենի և ոստիկանության նոր պետի կողմից: