Ֆուկույամա. ՌԴ-ն ամեն ինչ կանի, որ Հայաստանը դուրս չգա իր ազդեցության գոտուց
Ռուսաստանը կշարունակի բոլոր ջանքերը գործադրել, որպեսզի, անկախ այն ամենից, ինչ կատարվում է, Հայաստանը դուրս չգա ռուսական ազդեցության գոտուց: Այդ մասին հայտարարել է քաղաքական փիլիսոփա և Սթենֆորդի համալսարանի Ֆրիմեն Սփոլյիի Միջազգային հետազոտությունների ինստիտուտի առաջատար գիտաշխատող պրոֆեսոր Ֆրենսիս Ֆուկույաման Ժաննա Նեմցովային տված հարցազրույցում:
Ֆուկույաման պատմել է հետխորհրդային երկրների քաղաքական զարգացման խնդիրների մասին, գրում է Deutsche Welle-ն:
Խոսելով հայկական թավշյա հեղափոխության մասին՝ նա նշել է. «Դա հուսադրում է, այն առումով, որ մարդիկ դեռ ունակ են միավորվելու, նրանց դեռ հնարավոր է զայրացնել: Եվ ահա նրանց դուր չեկավ այն փաստը, որ Սարգսյանը մտադիր էր պահպանել իշխանությունն՝ արդեն հնարավորություն չունենալով նախագահ լինել 10-ամյա պաշտոնավարումից հետո: Շատերը հոգնել են այն առաջնորդներից, որոնք ցանկանում են ցմահ կառավարել: Այնպես որ այդ իմաստով Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունները ես շատ դրական եմ գնահատում»:
Ըստ փորձագետի, նա շատ է անհանգստանում, քանի որ Հայաստանը շատ է ենթակա ռուսական ազդեցությանը:
«Ռուսաստանին միանգամայն ձեռնատու էր հին համակարգը ,և այն, ինչ տեղի է ունենում Հայաստանում, մտահոգում է նրան: Ուստի, ինձ թվում է, որ Ռուսաստանը բոլոր ջանքերը կգործադրի, անկախ նրանից, թե ինչ է կատարվում, որպեսզի թույլ չտա Հայաստանին դուրս պրծնել ռուսական ազդեցության գոտուց, ինչպես դա տեղի ունեցավ Վրաստանի և Ուկրաինայի պարագայում: Ինձ անհանգստացնում է առաջիկա դիմակայությունը Հայաստանի հետ»,-ասել է Ֆուկույաման: