Բաքուն դեմ է Արցախի հետ բանակցություններ վարելու առաջարկին
Բաքուն ճիշտ չի համարում ընդունել ղարաբաղյան հակամարտության շուրջ բանակցություններում Լեռնային Ղարաբաղի ներգրավման առաջարկը: Այս մասին ԱՊԱ-ի հայտնել է Ադրբեջանի փոխարտգործնախարար Խալաֆ Խալաֆովը:
Նրա խոսքով, բանակցային ձևաչափը արդեն հաստատված է, այն հայտարարվել է ԵԱՀԿ շրջանակներում:
«Որպես կողմեր բանակցություններին մասնակցում են Ադրբեջանն ու Հայաստանը, որպես միջնորդներ՝ Ֆրանսիան, ՌԴ-ն ու ԱՄՆ-ն: Մենք հավատում ենք, որ բանակցությունները կշարունակվեն այս ձևաչափով: Եվ դրանց օրակարգում կարևոր հարցը մեր հողերի ազատագրումն է: Նման փորձեր նախկինում էլ են ձեռնարկվել, սակայն դա իրականություն չի, այլ աբսուրդ է՝ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի օկուպացված տարածքն է և չի հանդիսանում քննարկման առարկա», - ասել է նա:
Հիշեցնենք, նախօրեին Ստեփանակերտում ասուլիսի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Լեռնային Ղարաբաղը պետք է վերադառնա բանակցային սեղան, առկա ձևաչափը ճիշտ չէ.
«Արցախի Հանրապետության անունից պետք է խոսի Արցախի իշխանությունը, ինչպես ՀՀ անունից կարող է խոսել Հայաստանի իշխանությունը: ՀՀ-ն նույնպես հակամարտության լիարժեք կողմ է և կխոսի իր անունից»,- ընդգծեց ՀՀ նոչընտիր վարչապետը: Նա պատրաստակամություն հայտնեց բանակցել ՀՀ անունից: