«Ծառուկյան» խմբակցության 31 պատգամավորից 27-ը ստորագրել է Նիկոլ Փաշինյանին վարչապետ առաջադրելու ձևաթուղթը: Այդ մասին լրագրողներին է հայտնել «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։
«Ունենք բացականեր, ովքեր արտերկրում են, բայց հաշվի առելով ԵԼՔ-ի և ՀՅԴ ստորագրությունները՝ կարծում եմ՝ մեկ երրորդ ապահովելու համար դա բավարար է», - ասել է Զոհրաբյանը։
Նա ընդգծել է, որ քաղաքականության մեջ մինչև վերջ ինչ-որ բանում վստահ լինել հնարավոր չէ, մինչդեռ հույս է հայտնել, որ ՀՀԿ մայիսի 2-ի հայտարարությունը ենթադրում է, որ իրենք սատարելու են ԱԺ պատգամավորների 1/3-րդի կողմից առաջադրված թեկնածուին։
ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանն էլ, անդրադառնալով Փաշինյանի թեկնածությունն առաջադրելու համար հայտարարված ստորագրահավաքին, ասել է.
«Ստորագրահավաքը բուռն թափով ընթանում է: Վստահաբար անհրաժեշտ ստորագրությունների թիվը, կարծում եմ, շատ ավելին կհավաքվի»:
Նրա խոսքով, Փաշինյանի թկնածությունը կառաջադրվի հավանաբար այսօր, եթե ոչ՝ վաղը։
Մայիսի 8-ին ՀՀԿ–ն աջակցելու է ԱԺ 1/3-ի առաջադրած թեկնածուին։ Հանրապետականի երեկ հայտնած տեսակետն այսօր, ԱԺ–ում, լրագրողների հետ զրույցում վերահաստատեց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը։
«Վարչապետի ընտրությանը Հանրապետականն աջակցելու է։ Ինչ քանակով կաջակցի, ինչպես կաջակցի` չեմ կարծում, թե դա էական է։ Էականն այն է, որ 53 ձայնն ապահովվի, և 1/3-ի աջակցությունն ունեցող թեկնածուն դառնա վարչապետ»,– ասաց Շարմազանովը։
Ինչ վերաբերում է ՀՀԿ–ի` մայիսի 1-ի ընտրությանը, Էդուարդ Շարմազանովն ասաց, որ դա զուտ քաղաքական որոշման արդյունք էր։ Իսկ հարցին, թե ի՞նչ փոխվեց 1 օրվա մեջ, Շարմազանովը պատասխանեց. «Ես չեմ կարծում, թե մայիսի 1-ին իրավիճակը շատ բարենպաստ էր, ժողովուրդ չկա՞ր փողոցում, պրեսսինգ չկա՞ր։ Ես մեծ տարբերություն մայիսի 1-ի ու մայիսի 2-ի միջև` ակցիաների առումով, չեմ տեսնում»։
Մայիսի 2-ի երեկոյան հայտնի դարձավ, որ իշխող Հանրապետական կուսակցությունը կսատարի պատգամավորների 1/3-ի առաջադրած թեկնածուին մայիսի 8-ի ընտրություններում։ Այդ մասին է հայտարարել ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը։
ՀՀԿ-ն մինչ որոշում կայացնելը հանդիպում էր անցկացրել երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հետ։ Մայիսի 1-ին կուսակցությունը տապալել էր վարչապետի ընտրությունները՝ դեմ քվեարկելով Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը, որից հետո հանրապետությունում վերսկսվել էին քաղաքացիական անհնազանդության զանգվածային գործողությունները։