Քաղաքական հանգուցալուծմից ժամեր առաջ. նախագահ Սարգսյանի հեռախոսազրույցները
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօրվանից խորհրդակցություններ է սկսել Ազգային Ժողովում ներկայացված պատգամավորական խմբակցությունների ղեկավարների հետ՝ երկրում ստեղծված իրավիճակը քննարկելու և լուծումներ գտնելու նպատակով: Այս մասին հայտնել է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը:
Մինչ այդ մայիսի 2-ի օրվա ընթացքում Նախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույցներ է ունեցել Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի հետ, որը զրուցել էր նաեւ ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի հետ:
Նախագահի պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ զրուցակիցներն իրենց մտահոգություն են հայտնել երկրում ստեղծված ներքաղաքական իրավիճակի կապակցությամբ: Դրա հանգուցալուծման համար նրանք առանցքային են համարել ներգրավված բոլոր քաղաքական ուժերի բարձր պատասխանատվությունը, իմաստնությունը եւ խնդիրների լուծման պատրաստակամությունը՝ բացառապես Սահմանադրության և օրենքների շրջանակներում:
Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել նաեւ Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի հետ:
ՀՀ նախագահի մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունում ասվում է, որ զրուցակիցները քննարկել են Հայաստանում ստեղծված իրավիճակը, անդրադարձ է եղել նաեւ հայ-վրացական համագործակցության օրակարգային հարցերին:
Այնուհետեւ հայտնի դարձավ, որ մայիսի 8-ին Հայաստանը կունենա նոր վարչապետ: Իշխող Հանրապետական կուսակցության խմբակցությունը կսատարի ԱԺ պատգամավորների 1/3-ի կողմից առաջադրած վարչապետի թեկնածուին:
Այս մասին հայտարարեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը` կոչ անելով դադարեցնել հանրապետության տարածքում բողոքի զանգվածային ակցիաները, որոնք ուղեկցվում են պետական հաստատությունների ու փողոցների շրջափակմամբ:
Ավելի վաղ հայտնել էինք, որ «Ծառուկյան» խմբակցությունը մայիսի 8-ին նույնպես կպաշտպանի ժողովրդի թեկնածուին: Այս մասին Մարիոթ հյուրանոցում հանդիպումից հետո հայտարարել էր ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը: Գագիկ Ծառուկյանն էլ նշել էր, որ քննարկումներում նախապայմաններ առաջ չեն քաշվել, և կրկնեց, որ հաղթանակը ժողովրդինն է և ժողովրդի թեկնածուին երկրորդ անգամ էլ կողմ կքվեարկեն: