Ռացիոնալ առաջարկների ժամանակ քիչ ունենք. նախկին պատգամավորի առաջարկները
«Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ, ԱԺ մարդու իրավունքների հանձնաժողովի նախկին նախագահ Էլինար Վարդանյանը կարծում է, որ խնդիրը Նիկոլ Փաշինյանին կամ իշխանությանը դուր գալը չէ: Խնդիրն այսօր այն է, որ մայիսի 2-ին Հայաստանում լինի խաղաղ մթնոլորտ:
Նախկին պատգամավորը գտնում է, որ ունենք ընդամենը 2-3 օր լուծումներ գտնելու, առաջ գնալու, ողբերգությունից խուսափելու համար։ Եվ դա մեր բոլորի 2-3 օրն է.
« Ոչ մեկի սեփականությունը չէ, խաղաղության և ողբերգության որոշումը ոչ մեկի հեղինակային իրավունքը չէ։ Ուրեմն բոլորս ներդնում ենք մեր ջանքերը՝ իրավիճակի խաղաղ հանգուցալուծման համար»,- գրել է Էլինար Վարդանյանը facebook-յան իր էջում։
Նա նաև առաջարկներ է ներկայացրել ու կոչ արել բոլոր կարող և մտագոհ մարդկանց ու շրջանակներին մամուլը հեղեղել ռացիոնալ առաջարկներով, քանի որ ժամանակ քիչ ունենք։ Առավել ևս չպետք է ստեղծվի տպավորություն, թե լուծումները միայն սև ու սպիտակի մեջ են:
Լուծումներն ըստ Վարդանյանի.
«1. Իրավիճակը պետք է հանգուցալուծվի մինչև ԱԺ նիստը։ Ապրիլի 30-ին / ամենաուշը/ պետք է հանրությանը ներկայացվի քաղաքական համաձայնության հիմնական սխեման։
2. Համաձայնությունը ունենում է երաշխավորներ։
3. Մայիսի 1-ին ԱԺ-ն ուղղակի վավերացնում է արդեն իսկ ձեռք վերված պայմանավորվածությունների կետերը։
4. Այսօրվանից սկսած իշխանությունները պետք է ներկայացնեն լուծման մի քանի տարբերակները։ Իշխանությունները չեն անի՝ պետք է անենք մենք, բոլոր նրանք, ովքեր կարող են գրագետ լուծումներ առաջարկել։ Եվ խնդիրը Նիկոլին կամ իշխանությանը դուր գալը չէ։ Սա ամենակարևոր սկզբունքն է։ Խնդիրը Նիկոլին, Իշխանությանը և մեզ բոլորիս օգնելն է՝ դուրս գալ փակուղուց, արժանապատվորեն քայլ կատարել դեպի քաղաքական, խաղաղ հանգուցալուծում։
5. Պետք է արագ քննարկել չեզոք, տեխնիկական վարչապետի տարբերակը։
6. Պետք է՝ հաշվի առնելով օբյեկտիվ հանգամանքները, որոշել արտահերթ ընտրության մոտավոր ժամկետները։
7. Մշակել արդար ընտրության մեխանիզմներ. Ըստ այդմ՝ ԿԸՀ նախագահ պետք է լինի Փաշինյանի առաջարկած, հեղինակավոր, ընդունելի թեկնածու։ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների հանձնաժողովը պետք է գլխավորի Փաշինյանի առաջարկած հեղինակավոր որևէ իրավաբան։
8. Պետք է կազմակերպվի միջազգային դիտորդական առաքելություն»: