25.11.2024
«Ծառուկյան» դաշինքը դեռ վերջնական որոշում չունի. Իվետա Տոնոյան
prev Նախորդ նորություն

Ռումինիայի խորհրդարանում կոչ է արվում Ռումինիայի կողմից ճանաչել Հայոց ցեղասպանությունը

Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցի կապակցությամբ Ռումինիայի խորհրդարանում տարածվել է քաղաքական հայտարարություն, որով կոչ է արվում Ռումինիայի կողմից ճանաչել Հայոց ցեղասպանությունը:


Ռումինիայի պատմության մեջ առաջին անգամ Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ քաղաքական հայտարարությամբ հանդես են եկել խորհրդարանի տարբեր կուսակցություններ ներկայացնող և տարբեր ազգությունների ութ պատգամավորներ, ընդ որում, հայտարարությունը մոտ մեկ ամիս բաց կլինի միանալու համար:


Այս նախաձեռնությունը նպատակ ունի Ռումինիայում առաջ բերելու Հայոց ցեղասպանության հանրային ավելի լայն ընկալում, ինչպես նաև ստեղծելու խորհրդարանական քննարկումների հնարավորություն մի երկրում, որը դեռևս պաշտոնապես չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը:


ՀԻնչպես գրում է aysor.am-ը, հայտարարության մեջ ասված է.


«Մեծ ողբերգությունները ոչ միայն դրանք ապրած ժողովուրդներինն են, այլև ամբողջ մարդկությանը, իսկ օսմանյան իշխանությունների կողմից հայերի նկատմամբ գործված ցեղասպանությունը մարդկության կրած առավել սարսափելի ողբերգություններից է:


1915 թվականի գարնանից սկսած, ընդամենը մի քանի ամիսների ընթացքում բազմամիլիոն քաղաքակրթությունը ոչնչացվեց իր պատմական բնօրրանում: Առաջին աշխարհամարտի ավարտին պատմական Հայաստանում ապրող երեք միլիոն հայերից միլիունուկեսը սպանվեցին, իսկ մնացածները փրկություն գտան բռնագաղթի ճամփան բռնելով:


Հայոց ցեղասպանության ճանաչումը միայն բարոյական խնդիր չէ. այն նաև միջազգային հանրության հստակ վերաբերմունքի հարց է: Եթե այդ ճանաչումը տեղի ունենար Առաջին համաշխարհային պատերազմի ավարտին, դրան հաջորդած զարհուրելի շատ դեպքեր, սկսած Օսմանյան կայսրությունում հույների զանգվածային սպանություններից և հրեա ժողովրդի Հոլոքոստից մինչև նախկին Հարավսլավիայում գործված ոճիրները, հնարավոր է, որ տեղի չունենային:


Անցած տասնամյակների ընթացքում աշխարհի շատ երկրների խորհրդարաններ ընդունեցին բանաձևեր, որոնցում Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային սպանությունները որակեցին որպես ցեղասպանության հանցագործություն: Եվրոպական Միության անդամ պետություններից, որոնք նման բանաձևեր ընդունեցին, կարող ենք հիշատակել Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան, Ավստրիան, Հոլանդիան, Շվեդիան, Հունաստանը, Սլովակիան, Չեխիան, Լեհաստանը, Բուլղարիան, Բելգիան, Կիպրոսը, Լիտվան, Լյուքսեմբուրգը: Նրանց են միացել բազմաթիվ այլ երկրներ, ինչպես Կանադան, Արգենտինան, Ուրուգվայը, Բոլիվիան, Վենեսուելան, Պարագվայը, Չիլին, Բրազիլիան, Շվեյցարիան, Ռուսաստանը կամ Վատիկանը: ԱՄՆ-ի 48 նահանգներ ընդունել են համանման հայտարարություններ: Սրանց են հավելվել միջազգային կազմակերպությունների կողմից ընդունված բանաձևեր, այդ թվում Եվրոխորհրդարանի, Եվրոպայի Խորհրդի, Եվրոպական ժողովրդական կուսակցության, Եկեղեցիների համաշխարհային խորհրդի և այլոց կողմից:


Ռումինիայում ևս հասարակայնության կարևոր աջակցությունը կա Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում: Մենք, այս հայտարարությունը ստորագրածներս, գտնում ենք, որ հասել է Ռումինիայի խորհրդարանի կողմից այդ ցեղասպանությունը ճանաչելու ժամանակը և հույս ունենք, որ մեր առաջարկին կմիանան մեծ թվով սենատորներ և պատգամավորներ»:


Հայտարարությունը ստորագրել են Ռումինիայի խորհրդարանի ութ պատգամավորներ՝ Սլավոլյուբ Ադնաջին (Slavoliub Adnagi), Ազգային փոքրամասնությունների խորհրդարանական խմբակցությունից, ազգությամբ սերբ Օվիդիու Գանց (Ovidiu Victor Ganț), Ազգային փոքրամասնությունների խորհրդարանական խմբակցությունից, ազգությամբ գերմանացի, Ջուրեչ-Սլոբոդան Գերան (Giureci-Slobodan Ghera), Ռումինիայի խորվաթների միություն, Ազգային փոքրամասնությունների խորհրդարանական խմբակցությունից, ազգությամբ խորվաթ, Վարուժան Փամբուկչյան (Varujan Pambuccian), Ազգային փոքրամասնությունների խորհրդարանական խմբակցության ղեկավար, Լուչիան-Էդուարդ Սիմիոնը (Lucian-Eduard Simion), սոցիալ դեմոկրատական կուսակցություն՝ PSD, Սիլվիու Վեքսլերը (Silviu Vexler), Ռումինիայի հրեական համայնքների ֆեդերացիա, Ազգային փոքրամասնությունների խորհրդարանական խմբակցությունից, ազգությամբ հրեա, Վարուժան Ոսկանյանը (Varujan Vosganian), Լիբերալների և դեմոկրատների դաշինք՝ ALDE, Դրագոշ Գաբրիել Զիսոպոլը (Dragoș Gabriel Zisopol), Ռումինիայի հույների միություն, Ազգային փոքրամասնությունների խորհրդարանական խմբակցությունից, ազգությամբ հույն: