«Ծառուկյան» դաշինքը դեռ վերջնական որոշում չունի. Իվետա Տոնոյան
Այս պահին «Ծառուկյան» խմբակցությունը վարչապետի թեկնածուի հարցում վերջնական որոշում չունի: Քննարկում այս հարցի շուրջ դեռ չի եղել: Այս մասին VERELQ-ի հետ զրույցում ասաց ԱԺ Ծառուկյան խմբակցության անդամ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահի խոսնակ Իվետա Տոնոյանը:
Նման քննարկում դեռ չի եղել, - ասաց նա:
Գագիկ Ծառուկյան-Նիկոլ Փաշինյան հանդիպումից հետո հայտարարվել էր նման հանդիպումների շարունակականության մասին: Հարցին՝ ե՞րբ տեղի կունենա հաջորդ հանդիպումը, Տոնոյանն ասաց.
«Հայտարարություն եղել է, բայց այս պահին հստակ ժամկետներ հայտնի չեն»:
Հիշեցնենք, ՀՀ Ազգային Ժողովը ՀՀ վարչապետ կընտրի արդեն երեշքաբթի օրը՝ մայիսի 1-ին: Այս պահին հստակ հայտնի է այն մասին, որ «Ելք» խմբակցությունը կառաջադրի Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը վարչապետի պաշտոնին: «Ծառուկյան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանն էլ հայտարարել էր, որ իր համար անձնապես ընդունելի է Փաշինյանի թեկնածությունը և ինքը չի կարծում, որ կուսակցությունն այդ թեկնածության դեմ լինի.
«Բայց դա քննարկման խնդիր է»,- հավելել էր նա:
Առայժմ հայտնի չէ ՀՀԿ-ի և կոալիցիայից դուրս եկաց ՀՅԴ-ի դիրքորոշումը, թեև, ըստ ամենայնի, ՀՀԿ-ն կառաջադրի Կարեն Կարապետյանին:
Նշենք, որ ավելի վաղ Էդմոն Մարուքյանը հայտարարել էր, որ «Ելք» և «Ծառուկյան» խմբակցությունները միասին ապահովում են 40 ձայն, իսկ ևս 13 ձայն կփորձեն ստանալ ՀՀԿ-ից և ՀՅԴ-ից: Փաշինյանի ընտրվելու համար պետք է 53 ձայն: