Կարեն Կարապետյանը իրավասու է իրականացնել վարչապետի լիազորությունները. Հարությունյան
Կարեն Կարապետյանը իրավասու է իրականացնել վարչապետին օրենքով վերապահված բոլոր լիազորությունները: Այս մասին ասուլիսում հայտարարեց ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Դավիթ Հարությունյանը:
«ՀՀ օրենսդրական կարգավորումները երաշխավորում են, որ ցանկացած պարագայում երկրում առկա է գործող կառավարություն, ինչպես նաև վարչապետի բոլոր լիազորություններով օժտված անձ»,- նշեց նա:
Նա նշեց, որ եթե այդպիսի կարգավորումներ չլինեին, ապա դա աններելի սխալ կլիներ, որը հարցականի տակ կդներ երկրի նորմալ կենսագործունեությունը, պաշտպանունակությունն ու անվտանգությունը.
«Կարգավորումները հետևյալն են` կառավարության հրաժարականի դեպքում կառավարության անդամները, այդ թվում փոխվարչապետերը, Սահմանադրության 158-րդ հոդվածի համաձայն շարունակում են իրենց պարտականությունների կատարումը մինչև նոր կառավարության կազմավորումը»,- պարզաբանեց նախարարի պաշտոնակատարը:
Նշենք, նախօրեին հանրահավաքում Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Կարեն Կարապետյանը չի կարող լինել վարչապետի պաշտոնակատար, նա առաջին փոխվարչապետի պաշտոնակատար է, հետևաբար որևէ որոշումներ կայացնել չի կարող:
Ըստ ՀՀ Սահմանադրության 152-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ նախադասության համաձայն՝ փոխվարչապետներից մեկը վարչապետի սահմանած կարգով փոխարինում է վարչապետին նրա բացակայության ժամանակ: