Վարչապետ Սարգսյանը Հայաստանի վերջին հարյուր տարիների պատմության ընթացքում ամենախորամանկ և ամենադիմացկուն քաղաքական առաջնորդն է: Դեռևս չի եղել մի խաղ, որտեղ նա պարտություն արձանագրի: Եվ մի կոչեք դա շախմատ կամ նրան` շախմատիստ:
Այս մասին իր Facebook-ի էջում գրում է քաղաքագիտության դոտկտոր Հայկ Մարտիրոսյանը՝ մեկանաբանելով ապրիլի 22-ին առավոտը Սերժ Սարգսյան-Նիկոլա Փաշինյան սպասվող հանդիպման մասին լուրը:
Նախօրեին Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ բազմահազարանոց բողոքի ակցիաների առաջնորդ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ամրիլի 22-ին առավոտյան ժամը 10:00-ին Մարիոթ հյուրանոցում տեղի են ունենալու իր և Սերժ Սարգսյանի բանակցությունները՝ «վերջինիս հրաժարականի եւ իշխանության անցնցում փոխանցման շուրջ»։ Մինչ այդ բանակցությունների նպատակով Փաշինյանի հետ հանդիպել էր ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, ինչը քաղաքագետ Մարտորոսյանն գնահատել էր «իշխանության խելացի և հաշվարկված քայլն` Նիկոլ Փաշինյանի դեմ»:
«Դրանով իշխանությունը գնդակն ուղղում է ընդդիմության դաշտ և բարդացնում ընդդիմության խաղը: Փաշինյանն, ամենայն հավանականությամբ, Սարգսյանին դատարկաձեռն է հետ ուղարկելու: Իսկ դա լավ առիթ է ընդդիմությանը ներկայացնելու որպես ոչկոմպրոմիսային և ռադիկալ: Անսպասելի և սեփական շահերի տեսանկյունից` խելացի մոտեցում է դա իշխանության կողմից», - նշել էր Մարտոսյանը:
Անդրադառնալով Սրգսյան-Փաշինյան հանդիպման օրակարգին, քաղաքագետը նշում է, որ Սերժ Սարգսյանն այս հարցում ոչ թե մի քանի քայլ առաջ մտածող շախմատիստ է, այլ «վիճակախաղի մեծ վարպետ»: «Շախմատում ինչ-որ խաղում պարտվում են բոլորը: Նաև` Սարգսյանը փայլուն շախմատիստ չէ: Նա ուղղակի սիրում է շախմատը, շախմատ վատ չի խաղում: Իսկ նրա շնորհներով բարգավաճած շախմատիստները` նրան սիրում են որպես հատուցում: Իրականում Սարգսյանը վիճակախաղի վարպետ է, որ գտել է այդ խաղը շահելու մաթեմատիկական բանաձևը և միշտ բարդ թվացող պարզ հաշվարկով շահում է բոլոր մրցանակները: Հիմա` շուրջ 30 տարի անց` վիճակախաղում հանկարծ մի գիշերում կանոններ են փոխվել, բայց խաղացողի խաղաոճը նույնն է մնացել: Եվ դա այն դեպքն է, երբ սակրավորը մի անգամ է սխալվում: Հիմա սակրավոր-վիճակախաղացողը կանգնել է ականի վրա և ոտքի հաջորդ շարժումից է կախված թե ինչպիսի արդյունք կարձանագրվի:
Ամեն դեպքում` ականն ակտիվացված է: Իսկ ոտքի սխալ շարժումը` քաղաքական կյանք է արժենալու: Մարիոթում Նիկոլ Փաշինյանը բախվելու է Րաֆֆի Հովհաննիսյանին և բազում այլոց կլանած թակարդին: Երիտասարդ պատգամավորի դեմ կիրառվելու է վարչապետի բյուզանդական քաղաքականության ողջ զինանոցը: Փաշինյանն ինքը փակուղում է և նրա հաղթանակը, ինչ-որ պարադոքսում հենց նույն այդ փակուղում մնալու մեջ է: Եթե Փաշինյանը կուլ տա փորձված խաղացողի կողմից նետվելիք խայծը` դուրս կգա ստեղծված փակուղուց, բայցև անպայմանորեն կդառնա ճաշ` իշխանական ու նաև ժողովրդական վառարանում: Եթե չգնա զիջման` կշարունակի մնալ ծանրագույն փակուղում, բայց նաև` չի հագեցնի իր քաղաքական մահը տենչող ուժերի ծարավը:
Մարիոթում իրականում լրջագույն մենամարտ է տեղի ունենալու: Դատելով նախկին գործողություններից` Սարգսյանը վերջապես հանդիպել է արժանի և թերևս առավել ճկուն մրցակցի: Փաշինյանը բացահայտել է իր տաղանդները. հավակնություններ ունի, անվախ է, ռիսկային, չնահանջող և հաշվարկներ կատարել գիտե: Սարգսյանին բնորոշելն անիմաստ է: Նա իր մարտավարությամբ հաղթել է բոլորին: Այս երկու դարաշրջանների և երկու մահացու թշնամի դարձած բանակների առաջնորդների մենամարտը Մարիոթում այս երկրի համար ճակատագրական է լինելու:
Մինչև ապրիլի 24-ը իշխանությունն, ամենայն հավանականությամբ, որոշել է կա´մ կլանել Փաշինյանի շարժումը, կա´մ գլխատել այն: Նաև` ուժով ճնշել ահագնացող զանգվածին: Սակայն լավագույն տարբերակը իշխանության համար` Փաշինյանին քաղաքական ինքնասպանության մղելն է: Սարգսյանը չի գալիս Մարիոթ` բանակցելու: Նա գալիս է Մարիոթ` իր մահացու ախոյանին` մահվան համբույր շնորհելու:
Փաշինյանի խնդիրը մեկն է` վերջ տալ այդ նույն իշխանությանը: Հաղթելու է միայն մի կողմը: Բայց ով էլ որ հաղթի` Հայաստանն այլևս այլ է լինելու և ներկա իշխանությունն անկարող է լինելու անգամ հաղթանակի պարագայում նոր Հայաստանը հին մեթոդներով կառավարել», - եզրափակում է Հայկ Մարտիրոսյանը: