25.11.2024
Սարգսյանի հետագա պաշտոնավարումը պրոբլեմներ է ստեղծում ՀՀ ազգային անվտանգությանը. Փաշինյան
prev Նախորդ նորություն

Բանակցությունների միակ թեման Սարգսյանի հեռացումն է. Փաշինյանը՝ նախագահի հետ զրույցի մասին

Այսօր առավոտյան Սերժ Սարգսյանը հայտարարություն տարածեց, դիմելով ինձ և պմնդելով, որ պետք է անհապաղ նստել երկխոսության: Ես լրագրողների հետ զրույցում ասացի, որ միանձնյա չեմ կարող որոշել, իսկ ժողովուրդն էլ այդ առաջարկի պատասխանը տվել է երեկ՝ ուշ է: Հետո տարածվեց Արմեն Սարգսյանի հայտարարությունը, որ նա պատրաստ է ինձ հետ հանդիպել, ես էլ ասացի, որ ժամը 19.00-ին պարոն Սարգսյանին սպասում եմ հրապարակում: Եվ նա եկավ: Այս մասին Հանրապետության հրապարակում ընթացող հանրահավաքի ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:


Նա պատմեց Արմեն Սարգսյանի հետ իրենց զրույցի մանրամասները.


«Նա ասաց, որ մտահոգված է իրավիճակով, ես ասացի, որ այստեղ հավաքված ժողովուրդն էլ է մտահոգված: Նա հարցրեց՝ խոսելու, բանակցելու կարիք չկա՞: Ես ասացի, որ հանրահավաքում արտահայտել եմ դիրքորոշում, որ պատրաստ ենք քննարկել խաղաղ և անցնում իշխանափոխության պայմանները և ասացի, որ, այո, մեր առաջադրած օրակարգի շուրջ մենք պատրաստ ենք բանակցել: Եվ, ըստ էության, նա հարցրեց, թե ինչ ֆորմատով է պատկերացնում այդ բանակցություններն ու որտեղ, ես ասացի, որ ինքը կոնֆլիկտի մաս չէ՝ ես ձեզ հրավիրեցի հրապարակ, բայց Սերժ Սարգսյանի պարագայում նրան չեմ կարող հրավիրել , որովհետև իրավիճակը կլինի անկառավարելի: Նման բանակցություն, բնականաբար, չի կարող տեղի ունենալ կառավարական որևէ շենքում, որովհետև ես ինքս այդպիսի տեղեր չեմ գնա ու չեմ խոսի: Եվ ասացի, որ բանակցությունը հնարավոր է որևէ երրորդ, չեզոք վայրում՝ օրինակ, Մարիոթ հյուրանոցում: Եվ շատ հստակ արձանագրեցի, որ մեր բանակցային պրոցեսի միակ թեման լինելու է իշխանությունից Սարգսյանի հեռացումն ու իշխանությունն անցնցում ձևով փոխանցման օրակարգը: Ուրիշ թեմա չի կարող մեզ համար լինել օրակարգային»,- հայտարարեց նա:


Փաշինյանը հրապարակեց ճանապարհային քարտեզը.



  • Սերժ Սարգսյանը հրաժարական է տալիս;

  • Ազգային Ժողովը վարչապետ է ընտրում ժողովրդի թեկնածուին՝ ում ժողովուրդը որոշի այս հրապարակում;

  • Ձևավորվում է ժամանակավոր կառավարություն. մաքսիմալ արագ օրենսդրական փոփոխություններով ստեղծվեն երաշխիքներ ազատ, արդար ու թափանցիկ խորհրդարանական ընտրությունների անցկացման համար: Քաղաքական պայմանավորվածության արդյունքում, օրենքով սահմանված, ԱԺ-ն չի ընդունում  կառավարության ծրագիրը, և այդ պրոցեդուրան բերում է արտահերթ խորհրդարանական ընտրությունների:


Փաշինյանը նշեց, որ սա միակ տարբերակը չէ և կան պլան Բ-ն ու պլան Գ-ն, որպեսզի կարողանան մանևրել: Բայց այս ամենը կարող է լինել միայն Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո: Այնուհետ նա խնդրեց հավաքվածներին իրեն լիազորել այս ամենի շուրջ.


«Արմեն Սարգսյանն ասաց, որ ինքը բռնությունների հետ կապված մտավախություններ ունի, ինչին ես արձագանքեցի՝ ինչո՞ւ պետք է լինեն բռնություններ, եթե մեր շարժման որևէ մասնակից  որևէ բռնություն չի գործադրելու և մենք բռնություն գործադրելու որևէ ծրագիր չունենք ու բացառում ենք որևէ բռնության գործադրումը: Ես ասացի, որ մենք վարում ենք բաց ձեռքերի քաղաքականություն»,- շեշտեց Փաշինյանը:


Փաշինյանի խոսքով, նա ներկայացրել է օրենքով սահմանված խաղաղ ցույցեր անցկացնելու մասին դրույթները ՀՀ նախագահին, պարզաբանել դրանք և հայտարարեց, որ այս օրվանից սկսած, եթե որևէ բռնություն լինի ժողովրդի նկատմամբ, ապա դրա պատասխանատվությունն ընկնելու է Արմեն Սարգսյանի վրա:


«Մենք պատրաստել ենք բոլոր պայմանները Սերժ Սարգսյանի իշխանությունից անցնցում հեռանալու համար»,- հավելեց նա: