Թող Արմեն Սարգսյանը Սերժ Սարգսյանի հետ երկխոսի, որ հրաժարվի վարչապետությունից. Սանասարյան
Թող Արմեն Սարգսյանը Սերժ Սարգսյանի հետ երկխոսի, որ նա հրաժարվի վարչապետությունից: Այս մասին հայտարարեց «Մերժիր Սերժին» նախաձեռնության անդամ Դավիթ Սանասարյանը՝ արձագանքելով ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի՝ երկխոսելու մասին հայտարարությանը:
Նշենք, որ Դավիթ Սանասարյանը այսօր առավոտյան Երևանի Հանրապետության հրապարակ-Ամիրյան խաչմերուկից ոստիկանության Կենտրոնի բաժին էր բերման ենթարկվել: Այս պահին նրան ազատ են արձակել:
Սանասարյանը, նախ, շնորհակալություն հայտնեց ոստիկաններին իրենց բերման ենթարկելու համար, քանի որ՝ «գոնե մի քանի ժամ հանգստացա»: Հետո նշեց, որ ներսում շատ բերման ենթարկված քաղաքացիներ կան, սակայն նրանք բոլորը պինդ են ոգով.
«Բոլոր բերման ենթարկվածները իրենց վստահ են զգում, դահլիճում էլ Սերժ Սարգսյանի նկարը կախված չէր: Կարող եմ ասել, որ ոստիկանները մեզ սիրում են»,- հայտարարեց ակտիվիստը:
Դավիթ Սանասարյանը պատմեց, որ իրեն բերման են ենթարկել փողոցը փակելու ակցիայի ժամանակ: Սանասարյանի հավաստմամբ՝ փողոցը բացել են ոչ թե ոստիկանները, այլ ցուցարարները՝ իր կոչով, սակայն ոստիկանները խնդիր են ունեցել իրեն մեկուսացնելու և արել են դա: