25.11.2024
Հայտնի դերասան Սթիվեն Սիգալը ապրիլի 22-ին կժամանի Հայաստան, ապա կմեկնի Արցախ. մամուլ
prev Նախորդ նորություն

Վրաստանը խստացնում է պայքարը «գողական հանրության» դեմ

Վրաստանի խորհրդարանի լիագումար նիստի ժամանակ երրորդ ընթերցմամբ հաստատվել է «գողական հանրության» հետ կապված օրենսդրական փաթեթը։ Ներքին գործերի փոխնախարար Նատիա Մեզվրիշվիլին հայտարարել է, որ փոփոխությունները ենթադրում են ոչ միայն պատժամիջոցների խստացում «գողական հանրության» անդամների և «օրենքով գողերի» դեմ, այլև պայքար հայտարարում ընդդեմ քրեական, գողական մենթալիտետի։


Մեզվրիշվիլին նշել է, որ այսուհետ քրեական պատասխանատվության կենթարկվեն «գողական հանրության» ներկայացուցիչին կամ «օրենքով գողին» դիմելու համար՝ այս կամ այն վեճն ապօրինի կերպով լուծելու նպատակով, ինչպես նաև այդ մարդկանց ցանկացած ձևով աջակցությունը։


«Օրինագիծը կարևոր է ոչ միայն նրա համար, որ պատժում է «օրենքով գողին», այլև ցանկացած անձի, որը «գող» չէ, սակայն որի գործունեությունը նպաստում է «գողական հանրության» նպատակներին։ Քրեական պատասխանատվության կենթարկվի սովորական անձը, որը վիճելի հարցը լուծելու խնդրանքով կդիմի «օրենքով գողին», ինչը, օրենքի համաձայն, պետք է տեղի ունենա դատարանում կամ լուծում ստանա իրավապահ մարմինների կողմից», - հայտարարել է Մեզվրիշվիլին։