27.11.2024
System of a Down կիթառահարը հոգով հայ ցուցարարների հետ է
prev Նախորդ նորություն

Սերժ Սարգսյանը պատրաստ է ամեն ինչի իշխանությունը պահպանելու համար. Liberation

«Սերժ Սարգսյանը պատրաստ է ամեն ինչի իշխանությունը պահպանելու համար», - երևանյան իրադարձություններին նվիրված հոդվածն այսպես է վերնագրել ֆրանսիական ամենաազդեցիկ պարբերականներից մեկը` Liberation-ը:


«Սպառելով նախագահական ժամկետների թույլատրելի առավելագույն քանակը` Սերժ Սարգսյանը նախատեսեց ամեն ինչ, որպեսզի շարունակի մնալ երկրի ղեկավարի պաշտոնում», - գրում է ֆրանսիական պարբերականը:


«Սցենարը նախապես էր գծված: Նախագահը իր հաջորդի դերում ինքն իրեն էր ցանկանում տեսնել, բայց քանի որ այլևս չէր կարող առաջադրվել [նախագահի պաշտոնում], 2015-ին սահմանադրական բարեփոխումների հարցով հանրաքվե կազմակերպեց` նախագահական կառավարման համակարգը վերափոխելով խորհրդարանականի», - Liberation-ի թղթակցի հետ զրույցում նշում է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Արա Թորանյանը:


«Հայաստանի քաղաքացիները հոգնել են միանձնյա իշխանությունից», - գրում է շվեյցարական Neue Zürcher Zeitung թերթը: Շվեյցարիայի ամենաազդեցիկ գերմանալեզու պարբերականի հոդվածագիր Մարկուս Ակերետը գրում է․ - «Իշխանության բուրգի գագաթում տեղի ունեցած փոխատեղումը ևս մեկ անգամ վկայեց, թե որքան անհաղորդ է Հայաստանի քաղաքական վերնախավը հանրային տրամադրություններին: 2015-ին իրականացված սահմանադրական փոփոխությունները Սարգսյանը մատուցում էր որպես կառավարության հանդեպ ժողովրդավարական վերահսկողության մեխանիզմների ամրապնդմանն ուղղված քայլ, ինչն իր հերթին ավելի աշխույժ քաղաքական միջավայր էր ենթադրում: Եթե Սարգսյանը չտիրանար երկրի թիվ մեկ պաշտոնին՝ խաչ քաշելով իր իսկ ներկայացրած փաստարկների վրա, խորհրդարանական համակարգը գուցեև հանգեցներ բազմակարծությանը զարգացմանը», - արձանագրում է Neue Zürcher Zeitung-ի մեկնաբանը` հանգելով բավական տխուր եզրահանգման. - «Ստեղծված իրավիճակում հայաստանյան քաղաքական կյանքը, ըստ ամենայնի, շարունակելու է ընթանալ հին ձևով»:


Հայաստանյան իրադարձություններին անդրադառնում է նաև խոշորագույն համաարաբական լրատվամիջոցներից մեկը` Կատարում գործող «Ալ-Ջազիրա»-ն: Հեռուստաընկերության անգլալեզու կայքը մանրամասնորեն ներկայացնում է Սերժ Սարգսյանի` վարչապետի պաշտոնում ընտրությունն ու դրա դեմ ծավալված բողոքի ակցիաները, մեջբերելով երևանյան EVN Report կայքի խմբագիր Մարիա Թիթիզյանի խոսքերը․ - «Սերժ Սարգսյանի ընտրությունը վարչապետի պաշտոնում նշանակում է, որ նա փաստորեն երրորդ անգամ զբաղեցրեց պետության ղեկավարի պաշտոնը»: