25.11.2024
Սերժ Սարգսյանը հենց այնպիսի առաջնորդն է, որի կարիքն ունի Հայաստանը. Բաղդասարյան
prev Նախորդ նորություն

Փաշինյանն ազդարարեց ժողովրդական թավշյա հեղափոխություն. ցուցարարները շրջափակում են շենքերը

Եթե մենք այսօր առավոտյան ճկուն չգտնվեինք` այս հանրահավաքը հնարավոր է չկայանար: Եթե չհաջողեինք, ապա ոստիկանները մեզ կջախջախեին, քանի որ ամբողջ գիշեր ուժերը կենտրոնացրեցին: Այս մասին Ֆրանսիայի հրապարակում մեկնարկած հանրահավաքում հայտարարեց «Իմ քայլը» նախաձեռնության առաջնորդ, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով, առավոտյան դժվարություններ են ունեցել ոստիկանների հետ փոխհարաբերություններում, բայց ինքնակազմակերպման ու ճկունության շնորհիվ հաջողվել է փակել փողոցները և ձնագնդի նման ավելացնել ցուցարարների թիվը.

«Մենք հայտարարելով ժողովրդական հեղափոխություն պետք է իրականացնենք ժողովրդական հեղափոխություն: Նրանք հիմա ամբողջ Հայաստանի ուժային կառույցները հավաքել են այնտեղ և սպասում են մեզ այնտեղ: Բայց մենք ուրիշ բան կանենք` մենք երթով կշարժվենք ու կպարալիզացնենք մնացած բոլոր կառավարական շենքերի գործողությունը պարալիզացնելու համար: Այնտեղ, որտեղ կհաջողվի ներս մտնել, կմտնենք ու ներսում նստացույց կանենք, որտեղ չի հաջողվի` նստացույց կանենք մուտքերի դիմաց: Ոչ մեկին չենք թողնի ներս ու դուրս անել, դուրս եկողներին` միայն մեզ միանալու պայմանով»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը` կրկնելով, որ իրենց պայքարը պետք է շարունակեն բարձրացրած ձեռքերով ու առանց բռնության: Բայց պետք է պարալիզացնեն ողջ համակարգը.

«Կապ չունի, թե նրանք ինչ կանեն այն շենքում (Ազգային Ժողով – խմբ.): Այդ շենքում կատարվողը չպիտի այլևս ազդի Հայաստանի ու հայ ժողովրդի վրա: Գնացեք ու փակեք բոլոր գերատեսչությունների շենքերը, արգելափակեք բոլոր դռները, փորձեք ներս մտնել»,- հորդորեց նա` կոչը ուղղելով նաև Գյումրու և մյուս քաղաքների ու գյուղերի բնակիչներին:

Փաշինյանը շեշտեց, որ պետք է սկսել ցանցային պայքար, որպեսզի Սերժ Սարգսյանը տեսնի, որ չունի կառավարելու ժողովուրդ.

«Կեցցե’ ժողովրդական թավշյա հեղափոխությունը, կեցցե’ ազատությունը, կեցցե’ Հայաստանի Հանրապետությունը»,- հավելեց նա իր ելույթը և շեշտեց, որ հենց հիմա են սկսում գործողությունները: Ընդ որում ասաց, որ չի ասելու, թե որ շենքից են սկսելու` «կգնանք, ճամփին կտեսնենք ինչ հարմար շենք կա» սկզբունքով: