ԱՄՆ Հելսինկյան հանձնաժողովը քննադատել է Ադրբեջանի նախագահի ընտրությունները
Նախագահական ընտրություններն Ադրբեջանում անցել են առանց ազատ ընտրության, առանց ազատ ԶԼՄ-ների և առանց ազատ արձակելու ավելի քան 100 քաղբանտարկյալներին: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ Հելսինկյան հանձնաժողովը:
Ադրբեջանում ապրիլի 11-ին կայացած նախագահական ընտրություններում քվեների 86%-ը հավաքել է երկրի գործող նախագահ Իլհամ Ալիևը: Այդ մասին հայտնել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը:
Քննադատելով անցկացված ընտրությունները՝ հանձնաժողովը Twitter-ի իր միկրոբլոգում գրել է որ, թեև ԵԱՀԿ դիտորդներին թույլատրվել էր ներկա լինել ընտրություններին, սակայն իրական ժողովրդավարությունը պահանջում է Ադրբեջանի նախագահից հարգել իրական ընտրություններ անցկացնելու իր իսկ պարտավորությունը, գրում է Contact.az-ը:
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդները հայտարարել են, որ Ադրբեջանի նախագահի ընտրությունների ժամանակ մի շարք ընտրատեղամասերում իրենց խանգարել են աշխատել: