Բաքվում վիճաբանել են ԵԱՀԿ-ի դիտորդներն ու լրագրողները. ասուլիսն ընդհատվել է
ԵԱՀԿ դիտորդների հատուկ համակարգող Նիլզա դե Սենան հայտարարել է, որ Ադրբեջանում նախագահական ընտրություններն անցկացվել են անբավարար մրցակցության պայմաններում, իրավունքների եւ ազատությունների սահմանափակմամբ։
Այս մասին հաղորդում է Սպուտնիկը: «Ադրբեջանի Հանրապետությունում նախագահական ընտրություններն անցկացվել են իրավունքների եւ ազատությունների սահմանափակման պայմաններում եւ անբավարար մրցակցությամբ»,- ասել է նա Բաքվում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:
Ասուլիսին մասնակցող ադրբեջանցի լրագրողներն ընդհատել են ԵԱՀԿ դիտորդների խոսքը: Ադրբեջանական «Սես» գործակալության ղեկավար Բահրուզ Գուլիեւն մեղադրել է դիտորդներին, ասելով, որ եզրակացությունները նախապես պատրաստված են եղել: Սկսվել է վիճաբանություն:
Ասուլիսն ընդհատվել է, բայց մի քանի րոպե անց դիտորդները վերադարձել են եւ շարունակել հայտնել իրենց գնահատականները:
Հիշեցնենք, որ ապրիլի 11-ին Ադրբեջանում կայացած արտահերթ նախագահական ընտրությունների նախնական արդյունքներով՝ Իլհամ Ալիեւը հավաքել է ընտրողների ձայների 86,03 տոկոսը:
Ադրբեջանի ընդդիմադիր «ժողովրդավարական ուժերի ազգային խորհուրդը» եւ «Մուսավաթ» կուսակցությունն արդեն հայտարարել են ընտրությունների արդյունքները չճանաչելու մասին: