27.11.2024
Առաջնագծում ադրբեջանական կողմի կրակոցից Արցախի ՊԲ-ի զինծառայող է զոհվել
prev Նախորդ նորություն

Հայաստանն ունի արարողակարգային եւ քիչ լիազորություններով նոր նախագահ․ միջազգային մամուլ

Արմեն Սարգսյանը ապրիլի 9-ին պաշտոնապես ստանձնեց Հայաստանի Հանրապետության նախագահի պարտականությունները։ Միջազգային լրատվամիջոցները ևս անդրադարձել են Արմեն Սարգսյանի երդմնակալության արարողությանը։


Մասնավորապես Associated Press-ը գրում է, որ Հայաստանի նոր, ավելի թույլ լիազորություններով նախագահը պաշտոնապես ստանձնել է իր պարտականությունները։ «Հայաստանը նոր նախագահ ունի, երկիրն անցում է կատարել մի համակարգի, որտեղ նախագահն ավելի քիչ լիազորություններ ունի։ Արմեն Սարգսյանը, պաշտոնապես անցնելով իր պարտականություններին, խոստացել է աշխատել արդարադատության համակարգի բարելավման համար և պայքարել կոռուպցիայի դեմ»,- գրում է Associated Press-ը։ Ամերիկյան լրատվամիջոցը նաև նշում է, որ պառլամենտական պետության անցումից հետո նախագահի պաշտոնը կրում է զուտ արարողակարգային բնույթ։ Այս ամենի արդյունքում էլ «ըստ քննադատների՝ փոփոխությունը թույլ կտա Սերժ Սարգսյանին պահել իր իշխանությունը արդեն նոր՝ վարչապետի պաշտոնում։ Սարգսյանի կուսակցությունը խորհրդարանում մեծամասնություն է կազմում»,-գրում է Associated Press-ը։


France Press-ը ևս անդրադարձել է Արմեն Սարգսյանի երդմնակալությանն ու ՀՀ նախագահի լիազորությունների ստանձմանը։ «Միացյալ Թագավորությունում ՀՀ նախկին դեսպանը ստանձնել է իր պարտականությունները խորհրդարանի հատուկ նիստի ժամանակ՝ աջ ձեռքը դնելով Նոր կտակարանի 7-րդ դարի ձեռագրի և Հայաստանի Սահմանդրության վրա։ Հետո օրհնություն է ստացել հայ եկեղեցու առաջնորդ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդից»,- գրում է ֆրանսիական գործակալությունը։ France Press-ը նաև ներկայացնում է 2015թ. սահմանադրական փոփոխությունները, որոնց արդյունքում Հայաստանը դարձավ պառլամենտական հանրապետություն՝ ուժեղ վարչապետով։ «Սերժ Սարգսյանի քննադատներն ասում են, որ բարեփոխումներն արվել են վարչապետի պաշտոնում նրա իշխանությունը մեծացնելու համար։ Իշխող կուսակցությունը պաշտպանում է ռեֆորմները, որպես քայլ՝ ուղղված ժողովրդավարության ամրապնդմանը, գործադիր ու օրենսդիր իշխանությունների միջև հավասարության բարելավմանը»,- գրում է France Press-ն ու նշում, որ 2015թ. դեկտեմբերի հանրաքվեի ընթացքում ընդդիմությունը բողոքում էր ընտրատեղամասերում տարածված խախտումներից։


Channel NewsAsia–ն Արմեն Սարգսյանի երդմնակալությանն անդրադառնալուց հետո գրում է, որ Սերժ Սարգսյանի ապագայի պլանները հայ քաղաքական գործիչների համար դարձել են գլխավոր ինտրիգը։ Լրատվամիջոցը մեջբերում է ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովի խոսքը, որ կուսակցությունը չունի ավելի փորձառու ու իմաստուն առաջնորդ՝ վարչապետի պաշտոնում առաջադրելու համար, քան Սերժ Սարգսյանը։


Eurasianet-ն իր անդրադարձում խոսում է ոչ միայն Արմեն Սարգսյանի երդմնակալության, այլև Հայաստանում տիրող քաղաքական իրավիճակի մասին։ «Սերժ Սարգսյանը երկար ժամանակ առանց աշխատանքի չի մնա։ Նոր պաշտոնը (խոսքը վարչապետի պաշտոնի մասին է) կարող է նրան ավելի մեծ իշխանություն տալ, քան նախորդ Սահմանադրությամբ նախագահի լիազորություններն էին։ Այն ժամկետային սահմանափակումներ էլ չունի»,- գրում է կայքը և ավելացնում, որ Հայաստանի ընդդիմությունը դժվար թե կարողանա լուրջ խոչընդոտ լինել Սերժ Սարգսյանի նոր դերին տանող ճանապարհին։ «Ելք դաշինքի առաջնորդներից մեկը՝ Նիկոլ Փաշինյանը, փողոց դուրս գալու, ցույցեր անելու կոչով հանդես եկավ, բայց չկարողացավ միավորել դաշինքին այս պայքարում։ Այնուամենայնիվ, նա իր կողմնակիցների հետ սկսել է 14-օրյա բողոքի քայլարշավ՝ Գյումրիից Երևան։ Փաշինյանը խոստացել է կազմակերպել Հայաստանի պատմության մեջ ամենամեծ և վճռորոշ հանրահավաքը»,- գրում է Eurasianet-ը։