ՄԱԿ-ն ակնկալում է Մինսկի խմբից ջանքերի գործադրում՝ ԼՂ հակամարտության կարգավորման համար
ՄԱԿ-ն ակնկալում է ԵԱՀԿ Մինսկի խմբից բոլոր ջանքերի գործադրում՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար: Այս մասին ադրբեջանական Trend-ի հետ հարցազրույցում ասել է ՄԱԿ-ի Գերագույն ասամբլեայի 72-րդ նստաշրջանի նախագահ Միրոսլավ Լայչակը:
«Այժմ հակամարտության կարգավորման համար բոլորի կողմից ընդունված մեխանիզմը ԵԱՀԿ Մինսկի խումբն է: Անհրաժեշտ է հարգել այդ մեխանիզմը և ամբողջությամբ օգտագործել դրա ներուժը: Ես ակնկալում եմ Մինսկի խմբից, որ այն կանի հնարավոր ամեն բան այդ հակամարտության խաղաղ կարգավորման համար», - ասել է նա:
Լայչակը նշել է, որ ապրիլի 24-25-ին Նյու Յորքում նախատեսվում է բարձր մակարդակի հանդիպում, որի շրջանակում տեղի կունենան քննարկումներ՝ նվիրված խաղաղության պահպանմանն ու հակամարտությունների կանխարգելմանը:
«Մի շարք երկրների նախագահներ, կառավարությունների ղեկավարներ, արտաքին գործերի նախարարներ և այլ բարձրաստիճան անձիք իրենց մասնակցությունը կունենան այդ միջոցառմանը, որի ժամանակ կկիսվեն հակամարտությունների կանխարգելման ու կարգավորմանն ուղղված ՄԱԿ-ի հետ համագործակցության իրենց փորձով: Հույս ունեմ, որ այդ քննարկումները հնարավորություն կտան մեզ ավելի ակնառու արդյունքներ գրանցել ոչ միայն հակամարտությունների հետևանքների հաղթահարման, այլ նաև դրանց կանխարգելման գործում», -հավելել է ՄԱԿ պաշտոնյան: