Հայաստանը պատրաստվում է նոր նախագահ՝ Արմեն Սարգսյանի երդմնակալության արաողությանը։ Այսօր՝ ապրիլի 9-ին՝ ժամը 12:00-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կգումարվի Հանրապետության նախագահի պաշտոնի ստանձնմանը նվիրված Ազգային ժողովի հատուկ նիստ:
Ինչպես հայտնում են Աժ մամուլի ծառայությունից, հանրապետության նախագահի երդմնակալության արարողությանը հրավիրված են Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դիվանագետներ, Սփյուռքի հասարակական ու քաղաքական գործիչներ, բարձրաստիճան հոգեւորականներ, պաշտոնատար անձինք, առաջատար լրատվամիջոցների ղեկավարներ:
Հայաստանի Հանրապետության Սահմանադրության համաձայն, Հայաստանի Հանրապետության նախագահը պաշտոնն ստանձնում է Ազգային ժողովի հատուկ նիստում, ժողովրդին տրված երդմամբ: Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնն ստանձնելու հանդիսավոր արարողության համար Ազգային ժողովն ապրիլի 9-ին հատուկ նիստ է հրավիրել Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։
Արդեն իսկ ձևավորված ավանդույթի համաձայն, մինչ երդմնակալությունը հանդիսավոր կերպով պատվո պահակախմբի ուղեկցությամբ դահլիճ են բերվում պետական և հոգևոր խորհրդանիշները: Այսօր առավոտյան ՀՀ սահմանադրական դատարանից՝ Սահմանադրության մայր օրինակը, Մատենադարանից` 7-րդ դարի Վեհամոր Ավետարանը բերվել են ՀՀ նախագահի նստավայր:
ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ, ՀՀ պետական դրոշը և Նախագահական իշխանության խորհրդանշանը Հանրապետության նախագահի համհարզները հանձնել են պատվո պահակախմբի զինվորներին:ՀՀ Սահմանադրության մայր օրինակը ՍԴ անդամ Արևիկ Պետրոսյանին է հանձնել ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը, իսկ Վեհամոր Ավետարանը Հովնան եպիսկոպոս Հակոբյանին է հանձնել Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանը:
Այնուհետև ՀՀ պետական դրոշի և Նախագահական իշխանության խորհրդանշանի հետ միասին ՀՀ Սահմանադրության մայր օրինակը և Վեհամոր Ավետարանը տեղափոխվել են երդմնակալության արարողության վայր:
Նորընտիր նախագահը երդվում է` աջ ձեռքը դնելով Վեհամոր Ավետարանի և ՀՀ Սահմանադրության վրա՝ հնչեցնելով հետևյալ տեքստը. «Ստանձնելով Հանրապետության նախագահի պաշտոնը՝ երդվում եմ. հավատարիմ լինել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, իմ լիազորություններն իրականացնելիս լինել անաչառ, առաջնորդվել միայն համապետական ու համազգային շահերով և իմ ողջ ուժը ներդնել ազգային միասնության ամրապնդման գործում»:
Արարողությունն ուղիղ հեռարձակմամբ կցուցադրվի Հանրային հեռուստաընկերության եթերում: Լրագրողների աշխատանքն արդյունավետ կազմակերպելու նպատակով ՀՀ ԱԺ 334 սենյակում ստեղծվել են բոլոր անհրաժեշտ պայմանները: ՀՀ ԱԺ լրատվական ծառայությունը գործարկել է հատուկ հավելված (https://photos.app.goo.gl/KSHmMEfMMRpALjdI3 ), որտեղ յուրաքանչյուր 15 րոպեն մեկ կտեղադրվեն լուսանկարներ արարողության ողջ ընթացքից:
Բոլոր լրատվամիջոցները կարող են ազատ օգտվել հրապարակվելիք լուսանկարներից: Բացի այդ, օպերատիվ կերպով կտարածվեն հաղորդագրություններ եւ հարակից նյութեր: