Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը մեր առաջնահերթություններից է. Լավրով
Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը մեր առաջնահերթություններից է հետխորհրդային տարածքում: Այս մասին հայկական մի շարք լրատվամիջոցների տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:
Նա հիշեցրել է, որ ՌԴ-ն ԱՄՆ և Ֆրանսիայի հետ միասին հանդիսանում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր: Այդ կարգավիճակում, ըստ նրա, Մոսկվան ջանքեր է գործադրում և մասնակցում որոշումների ընդունմանը, որոնք կայացվում են ղարաբաղյան հակամարտության մասով: Բայց, նշել է նա, բանակցություններում առաջընթաց գրանցելու համար ղարաբաղյան հակամարտության կողմերին անհրաժեշտ է հրաժարվել միմյանց նկատմամբ անվստահությունից՝ միևնույն ժամանակ կիրառելով 2011 թվականին Կազանյան գագաթնաժողովում մշակված փաստաթուղթը:
«Ամենակարևորը անվստահությունից դուրս գալն է, որը դեռևս երբեմն ի հայտ է գալիս բանակցությունների ժամանակ և կենտրոնանալ իրատեսական, գործնական գաղափարների վրա, որոնք բավականին շատ են: Դրանք պետք է շարադրվեն թղթի վրա», - ասել է Լավրովը:
Շարունակելով Կազանյան գագաթաժողովի թեման նա նշել է, որ դրա նախապատրաստումն իսկապես ինտենսիվ է եղել, այդ թվում և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջև: Սակայն հենց գագաթնաժողովի ընթացքում հավելյալ հարցեր և մեկնաբանություններ են ի հայտ եկել, ինչը նորմալ է.
«Այդպես պատահում է: Մենք դրանից ողբերգություն չենք սարքում: Աշխատանքը կշարունակվի: Վստահ եմ, որ այսպես կոչված Կազանի փաստաթղթում շարադրվածի մեծ մասը նախկինի պես պահանջված է: Այս տարիներին մշակված դրույթներից ոչինչ չի կորել: Այս ընթացքում, իհարկե, որոշակի նոր մտքեր են առաջացել, որոնք համանախագահներն այժմ քննարկում են կողմերի հետ բանակցություններում, բայց ամենակարևորն անվտասհությունից դուրս գալն է, որը երբեմն իրեն զգացնել է տալիս բանակցություններում և կենտրոնանալ իրատեսական, պրագմատիկ գաղափարների վրա, որոնք քիչ չեն»,- հավելել է Սերգեյ Լավրովը: