10.09.2026
Երևանը չի՞ ընդունում Վենետիկի հանձնաժողովի դիտարկումները
prev Նախորդ նորություն

Մամուլի տեսություն. Հայաստանից մեկնել և չի վերադարձել 104 հազար քաղաքացի

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան տպագիր մամուլի տեսությունը, որում ներառված է կարևոր իրադարձությունների մասին ընդգրկուն տեղեկատվություն:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանի մշտական բնակչության թիվը, ըստ պաշտոնական վիճակագրության, վերջին մեկ տարում 4 հազար 300-ով նվազել է: Նկատենք, որ եթե պաշտոնապես նշվում է՝ մշտական բնակչության թիվը նվազել է, ապա նշանակում է, որ այդքան թվով մարդ հրաժարվել է ՀՀ քաղաքացիությունից: Բանն այն է, որ մշտական բնակչության թվի մեջ ներառված չեն նաև արտագնա աշխատանքի մեկնող ՀՀ քաղաքացիները: Այսինքն՝ արտագաղթի այն տարբերակը, երբ մարդիկ Հայաստանից հեռանում են, բայց քաղաքացիությունից չեն հրաժարվում, մշտական բնակչության թվաքանակում չի արտացոլվում: Իսկ ինչ վերաբերում է արտագաղթի թվերին, ապա, ըստ պաշտոնական վիճակագրության, այս տարվա առաջին կեսից Հայաստանից մեկնել և չի վերադարձել 103 հազար 994 ՀՀ քաղաքացի: Բնականաբար, մեկնած, չվերադարձածների մի մասը մինչև տարեվերջ կվերադառնա Հայաստան: Սակայն փորձը ցույց է տվել, որ արտագաղթի թիվը կազմում է նույն տարվա առաջին կեսին մեկնած և չվերադարձածների թվի մոտ կեսի չափ»:

«Հրապարակ» օրաթերթը գրում է. ««Օրինաց երկիր» կուսակցությունում սկսել են կամաց-կամաց հրաժարվել իրենց կուսակցության անունից: Մեր տեղեկություններով՝ կուսակցությունում ներքին հրահանգ կա մոռացության տալ «ՕԵԿ» բառը, այն աստիճանաբար հանել գործածությունից, քանի որ ժողովրդի շրջանում ՕԵԿ-ը վարկաբեկված է և որևէ դրական ասոցիացիա չի առաջացնում: Փոխարենը սկսել են ակտիվորեն օգտագործել և շրջանառել «Հայկական վերածնունդ» անունը: Դրա վառ վկայությունն է նաև այն, որ ՕԵԿ-ի պաշտոնական կայքում գրեթե բոլոր նյութերը «Հայկական վերածննդի» մասին են, տարածած հաղորդագրություններում անգամ «Հայկական վերածնունդ» են գրում: Նշենք, որ անվան ընտրությունն Արթուր Բաղդասարյանինն է եղել: Նա հայտարարել է, թե «Հայկական վերածնունդին» են միացել 60-ից ավելի կազմակերպություններ, 10 կուսակցություններ, 50-ից ավելի հասարակական կազմակերպություններ: Ասում են, թե հենց այդ միավորման միջոցով է Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը մտնելու քաղաքականություն: Տեսնենք, թե ինչ կստացվի քավոր-սանիկական կապերով կապված Արթուր Բաղդասարյանի և Արա Աբրահամյանի ծրագրերից»:

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Շաբաթ օրվանից ուժի մեջ է մտել ՀԾԿՀ որոշումը, ըստ որի՝ էլէներգիայի սակագինը Հայաստանում բարձրանում 16.93 դրամով: ՀՀ կառավարությունը, սակայն, ինշպես հայտնի է, սուբսիդավորելու է սակագնի այդ ավելացված մասը: Երեկ մեր թղթակիցը ՀԷՑ-ից փորձել է պարզել, թե ի՞նչ մեխանիզմով է հայ սպառողը տեղեկանալու իր սպառած էլեկտրաէներգիայի դիմաց որքա՞ն է ինքը վճարելու, որքա՞ն է սուբսիդավորելու կառավարությունը: «Այս պահին մենք աշխատում ենք ՀՀ կառավարության հետ՝ հասկանալու այն մեխանիզմը, որով բնակիչներին պետք է բացատրվի, թե ինչպես են վճարելու էլեկտրաէներգիայի վարձը»,- պատասխանել է ՀԷՑ-ի մամուլի խոսնակ Նատալյա Սարջանյանը: Մեր թղթակցի հարցին արդյո՞ք անդորրագրի վրա նշված է լինելու ամբողջ գումարը, թե՞ միայն այն, ինչ բնակիչը պետք է վճարի Սարջանյանը պատասխանել է. «Դեռ չեմ կարող ասել, թե անդորրագրի մեջ ինչ է լինելու գրված։ Թե ինչպես է բնակիչը հասկանալու, թե որն է իր վճարելիքը՝ դա դեռ քննարկվում է»»:
Սահմանադրական բարեփոխումներ. Ընդդիմությունը մեղադրում է, իշխանությունը՝ արդարանում
Հաջորդ նորություն next
 Սանկտ Պետերբուրգում Ադրբեջանի նախկին հյուպատոսին մեղադրել են ոսկու մաքսանենգության մեջ
10.09.2026
Սանկտ Պետերբուրգում Ադրբեջանի նախկին հյուպատոսին մեղադրել են ոսկու մաքսանենգության մեջ