25.11.2024
Ադրբեջանի քաղաքացիները մատնահետք կհանձնեն
prev Նախորդ նորություն

Մերժվածը. Սահակաշվիլին հերթական անգամ մտադիր է Վրաստան «վերադառնալ»

Ուկրաինայից բռնի արտաքսված Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխաիլ Սահակաշվիլին հայտարարել է, որ մտադիր է Վրաստան վերադառնալ։


Ինչպես հայտնում է Lenta.ru-ն, Սահակաշվիլին խոստացել է «վերջ դնել գործող իշխանությանը նախագահական ընտրություններից հետո», որը կանցկացվի 2018 թ-ի հոկտեմբերին:


Սահակաշվիլին, որն ավելի վաղ զրկվել էր Ուկրաինայի քաղաքացիությունից, իսկ ապրիլի 3-ին ուկրաինական վերաքննիչ դատարանը մերժել էր նրա՝ փախստականի կարգավիճակով Ուկրաինա վերադառնալու բողոքը, հայտարարել է, որ Վրաստանի տնտեսությունն այժմ գտնվում է ծայրաստիճան ծանր վիճակում, քանի որ այդ երկրում «մաֆիան է իշխում»:


«Իրական վտանգի դեմ պայքարել կարելի է միայն տնտեսական և կենսամակարդակի աճով։ Ես մտադիր եմ անձնապես զբաղվել դրանով։ Այժմ ինձ մեղադրանքներ են առաջադրում միայն մեկ նպատակով, որ ես անգամ չմտածեմ Վրաստան վերադառնալու մասին։


Մի սպասեք։ Ես Վրաստան կվերադառնամ եւ կիրականացնեմ բոլոր ծրագրերը իմ թիմի հետ միասին։ Վրացի ժողովրդին դժվարության մեջ չեմ թողնի»,- նշել է Սահակաշվիլին, որի դեմ Վրաստանում չորս քրեական գործ է հարուցված։


Հիշեցնենք, որ Վրաստանում հետախուզության մեջ գտնվող Սահակաշվիլին առաջին անգամը չէ, որ հայտարարում է «շուտով հայրենիք» վերադառնալու իր մտադրության մասին:


Նման հայտարարությամբ Վրաստանի նախկին նախագահը հանդես եկավ մասնավորապես 2015 թ-ի փետրվարին, երբ երկիրը պատրաստվում էր խորհրդարանական ընտրություններին, սակայն իր թիմը՝ ի դեմ «Միասնական ազգային շարժում» կուսակցության, պարտվեց ու Սահակաշվիլին չկատարեց իր խոստումը:


Այնուհետեւ նա 2016 թ-ի հոկտեմբերին հայտարարեց, որ չի պատրաստավում լքել Ուկրաինայում քաղաքական «մարտի դաշտը» եւ վերադառնալ Վրաստան: «Մտադիր չեմ վերադառնալ Վրաստան, Ուկրաինայում շատ ծրագրեր ունեմ, պետք է դրանք իրականացնեմ», - հայտարարել էր նա: