24.11.2024
Հայաստանում 15 տոկոսով կրճատվել է կոնյակի արտադարության ծավալը
prev Նախորդ նորություն

ԱԺ-ն կողմ է ոռոգման համակարգերի բարելավման ծրագրի համար լրացուցիչ վարկային ֆինանսավորմանը

ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը քննարկել է «Հայաստանի Հանրապետության եւ Վերակառուցման ու զարգացման միջազգային բանկի միջեւ «Ոռոգման համակարգերի բարելավման ծրագրի համար լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Համաձայնագիրը ստորագրվել է 2017թ. նոյեմբերի 20-ին, որով ՀՀ-ին կտրամադրվի 2 մլն ԱՄՆ դոլար վարկ:


ԱԺ-ից հիշեցնում են, որ Ազգային ժողովը 2013 թվականի հունիսի 11-ին վավերացրել է Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող «Ոռոգման համակարգերի բարելավման ծրագիրը», որի վարկային բաղադրիչը կազմել է 30 մլն ԱՄՆ դոլար, համաֆինանսավորումը` 7,5 մլն ԱՄՆ դոլար: Ծրագիրը մեկնարկել է 2013 թվականի հուլիսի 15-ին եւ պետք է ավարտվի 2018 թվականի հունիսի 30-ին:


Հիմնական զեկուցող ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը նշել է, որ ծրագրով նախատեսված աշխատանքները հիմնականում իրականացվել են: Ավելին, տնտեսված գումարների հաշվին կատարվում են չնախատեսված` լրացուցիչ աշխատանքներ: Մասնավորապես, 2017 թվականին տնտեսված գումարների հաշվին մեկնարկել են Մեղրիի ինքնահոս համակարգի աջ ճյուղի կառուցման աշխատանքները` 575 մլն դրամ արժողությամբ, որի արդյունքում էլեկտրաէներգիայի տնտեսումը կկազմի 1,7 մլն կվ/ժամ, տարեկան շուրջ 68 մլն դրամ արժեքով:


Ըստ Արսեն Հարությունյանի` լրացուցիչ վարկի պարագայում Բաղրամյան-Նորակերտ ինքնահոս համակարգի կառուցման արդյունքում ստեղծված հզորությունները հնարավորություն կտան բարելավելու շուրջ 573 հա ոռոգվող տարածքների ջրամատակարարումը, ապահովելու տարբեր մշակաբույսերի բերքատվության աճ 11-ից 14 %-ի չափով, տնտեսելու 5 մլն խմ ջուր, ինչպես նաեւ էլեկտրաէներգիա:


Հարակից զեկուցող ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը դրական է գնահատել կատարված աշխատանքները` ընդգծելով, որ նմանօրինակ համակարգի ներդրումը նոր մշակույթ է մեր հանրապետությունում:


Օրինագիծը հանձնաժողովի դրական եզրակացությամբ առաջարկվել է ընդգրկել ՀՀ ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում: