Հասցնել մեկ շաբաթում. Փաշինյանը կհրապարակի Սարգսյանի վերադարձի դեմ «ճանապարհային քարտեզը»
Վաղը հայտնի կդառնա, թե որն է լինելու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության դիմադրության պլանը՝ կհրապարակվի «14+4» դիմադրության «ճանապարհային քարտեզը»: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՔՊ նախագահ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ «14+4»-ը իրենց Բորոդինոյի ճակատամարտն է։
Ընդ որում իրենք հրաժարվում են պատերազմել որակումից, քանի որ Հայաստանի ներսում պատերզմներ մղելու ցանկություն չունեն, խոսքն ուղղակի քաղաքացիական և քաղաքական պայքարի ճակատամարտի մասին է, որը, հույս ունի Փաշինյանը, հայ ժողովրդի համար կդառնա քաղաքացիական, հայրենական ճակատամարտ։
Փաշինյանը ևս մեկ անգամ կրկնեց, որ իրենք ՀՀ քաղաքացուն հրավիրում են հրապարակ Սերժ Սարգսյանին հեռացնելու, որից հետո տասն օրվա ընթացքում ինքը պետք է հեռացած լինի.
«Կեսկատակ-կեսլուրջ ասեմ. վաղը մեր ճանապարհային քարտեզը կներկայացնենք և դրանից ուղիղ 10 օր հետո Սերժ Սարգսյանը իշխանությունից հեռացած կլինի՝ ապրիլի 9-ին։ Ապրիլի 10-ին նա իշխանություն չի ունենալու, և մեր խնդիրն է լինելու Սերժ Սարգսյանին իշխանություն վերադառնալ թույլ չտալը, որովհետև ապրիլի 9-ից 17-ը Սերժ Սարգսյանը Հայաստանում որևէ պետական պաշտոն չի ունենալու, ՀՀ-ում կառավարություն չի լինելու, լինելու են պաշտոնակատարներ։ Արմեն Սարգսյանը ստանձնելու է պաշտոնը և տվյալ դեպքում նա որևէ գործառույթ չունի։ Գործելու է միայն Ազգային ժողովը։ Այս պարագայում ամենագործուն ուժը մնալու է ՀՀ քաղաքացին»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։