Եվրախորհրդարանի լյուքսեմբուրգցի պատգամավոր Ֆրանկ Էնգելը Թուրքիայի գործողությունները Սիրիայում իսկական սկանդալ է որակում: «Արմենպրես»-ի հետ զրույցում նա անդրադարձել է ԵՄ անդամ երկրների բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարություններին, որոնցով նրանք, մասնավորապես, Եվրամիությունից պահանջում են դադարեցնել անդամակցության շուրջ բանակցությունները Թուրքիայի հետ:
«Թուրքիան իր գործողություններն արդարացնում է ահաբեկիչների, անվտանգության սպառնալիքներով, սակայն որևէ նման սպառնալիք չկա ո՛չ Աֆրինում, ո՛չ էլ այն տարածքներում, որոնք նրանք թիրախավորում են: Կարծում եմ՝ Թուրքիային պետք է պարզ բացատրել, կամ ինչպես ես եմ հասկանում, արդեն իսկ պարզ բացատրվել է, որ մենք լավ չենք վերաբերվում այս ամենին: Թուրքիան մեծ հարևան է, և ես բազմիցս խոսել եմ այն մասին, որ մեծ հարևանների հետ պետք է ինչ-որ կերպ համակերպվենք մեր համակեցությանը: Միմյանց հետ չշփվելը տարբերակ չէ ոչ մի առումով, միևնույն ժամանակ, ձևացնել, թե անում ես մի բան, որը երբեք չի լինելու, նույնպես տարբերակ չէ: Թուրքիան երբեք չի լինի Եվրամիության անդամ. դա պարզապես չի լինի, և մենք պետք է դադարենք ձևացնել, որ դա կարող է լինել»,-ընդգծել է ԵԽ պատգամավորը և հավելեց, որ տեսականորեն կարելի է պատկերացնել Թուրքիային Եվրամիության անդամ, պատգամավորն անձամբ խնդիր չի տեսնում այդ հարցում, սակայն նրա համոզմամբ՝ դա չի կարող լինել Թուրքիայի ներկայիս ղեկավարության և նման դիրքորոշման պարագայում:
Ֆրանկ Էնգելի դիտարկմամբ՝ Թուրքիան նաև մեծապես հետընթաց է ապրել օրենքի դաշտում, ինչն ընդունելի չէ ո՛չ իր, ո՛չ էլ ԵՄ որևէ երկրի համար:
«Այն օրը, երբ Թուրքիան կփոխվի, հետ կկանգնի Կիպրոսի նկատմամբ իր ագրեսիայից, կբացի սահմանը Հայաստանի հետ, կկարգավորի հարաբերությունները բոլոր հարևանների հետ, բանտերից ազատ կարձակի անարդար հիմքով ձերբակալված լրագրողներին, ես միգուցե Թուրքիայի հետ ինչ-որ հարաբերություն պատկերացնեմ, սակայն նման Թուրքիա երբեք չի լինի»,-եզրափակել է լյուքսեմբուրգցի պատգամավորը: