Բացթողումներ արձանագրած ոլորտներում կադրային փոփոխություններ կլինեն. վարչապետ
Մարտի 29-ին կառավարության նիստը մեկնարկեց վարչապետի հանձնարարականներով: Մասնավորապես Կարեն Կարապետյանը անդրադարձավ 2018 թվականին մարզպետարանների գործունեության ցուցանիշներին:
«Տարածքային կառավարման և զարգացման նախարարության կողմից մշակվել են 2018 թվականի մարզպետարանների գործունեության պլանային իրատեսական ցուցանիշները, որոնք, սակայն, ոչ ամբողջությամբ են իրացվել համապատասխան տարեկան ծրագրերում»,- ասաց Կարապետյանը:
Վարչապետը հանձնարարեց Տարածքային կառավարման և զարգացման ու Ֆինանսների նախարարներին և մարզպետներին մեկամսյա ժամկետում ձեռնարկել միջոցներ մարզպետարանների տարեկան գործունեության ծրագրերը վերանայելու ուղղությամբ, անդրադառնալով հատկապես մեկ շնչին ընկնող՝ համայքների սեփական եկամուտների աճի ցուցանիշներին, համայնքային բյուջետային միջոցների հավաքագրման, ծախսային, համայնքներում աղբահանության և սանիտարական մաքրման աշխատանքները ծախսափակ եղանակով կատարելու համար անհրաժեշտ ցուցանիշներին:
Տարածքային կառավարման և զարգացման նախարարին և մարզպետներին վարչապետը հանձնարարեց մարզպետարանների աշխատակազմի և ենթակայությամբ գործող այն ոլորտի մարմիններում, որտեղ արձանագրվել են բացթողումներ, օրենքով սահմանված կարգով անդրադառնալ կադրային փոփոխությունների հարցերին:
Կարապետյանը անդրադարձավ նաև ընդերքօգտագործմանը, նշելով, որ իրականացված ուսումնասիրությունների արդյունքում արձանագրվել են ընդերքոգտագործման հողամասերի կոորդինատների անճշտություններ և անհամապատասխանություններ: Այս առիթով վարչապետը հանձնարարեց Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարին և կառավարության աշխատակազմի ղեկավարին յոթօրյա ժամկետում ներկայացնել ընդերքոգտագործման իրավունքով տրամադրված տեղամասերի ճշգրտման աշխատանքների իրականացման միջգերատեսչական աշխատանքային խումբ ստեղծելու վերաբերյալ նախագիծ:
Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարին, բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարին հանձնարարվեց միջգերատեսչական աշխատանքային խմբի ձևավորման պես երեքամսյա ժամկետում վերհանել առկա ընդերքօգտագործան կազմակերպությունների՝ հատկապես մետաղական հանածոների ոլորտում, տրամադրված փաստաթղթերում առկա տեղամասերի և հողամասերի համապատասխան կոորդինատների անճշտությունները, փաստացի առկա անհամապատասխանությունները և ձեռնարկել միջոցներ դրանք վերացնելու ուղղությամբ: