Թույլ գնաճային ազդեցություններ. ԿԲ-ն անփոփոխ է թողել վերաֆինանսավորման տոկոսադրույքը
2018 թ. մարտի 27-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 6.0%: Այս մասին հայտնում են ԿԲ-ի մամուլի ծառայությունից:
2018 թ. փետրվարին արձանագրվել է 0.5% գնանկում՝ նախորդ տարվա նույն ամսվա 0.9% գնանկման դիմաց, որի պարագայում 12-ամսյա գնաճն ամսվա վերջի դրությամբ կազմել է 3.3%: ԿԲ խորհուրդը գնահատում է, որ, ակնկալվող արտաքին եւ ներքին տնտեսական զարգացումների ներքո, ինչպես եւ կանխատեսվում էր, գնաճն առաջիկա ամիսներին կպահպանվի տատանումների թույլատրելի միջակայքի ստորին հատվածում: Տարեսկզբին արտաքին հատվածում փաստացի զարգացումները հիմնականում համընկել են ԿԲ կանխատեսումների հետ, այսինքն՝ շարունակվել են համաշխարհային տնտեսության աճի բարելավման եւ միջազգային որոշ ապրանքային շուկաների գնաճային միտումները: Այս պարագայում արտաքին հատվածից ԿԲ խորհուրդը շարունակում է ակնկալել արտաքին պահանջարկի ընդլայնմանը զուգահեռ թույլ գնաճային ազդեցություններ:
Խորհուրդը գնահատում է, որ 2018 թ. առաջին եռամսյակում տնտեսական ակտիվության ցուցանիշը փոքր-ինչ գերազանցել է սպասելիքները՝ պայմանավորված արդյունաբերության, շինարարության եւ ծառայությունների ոլորտներում դիտված բարձր աճերով: Սպասվածից բարձր աճի տեմպեր են արձանագրվել նաեւ ներքին պահանջարկի մասով, որին շարունակում են նպաստել իրականացված ընդլայնող դրամավարկային քաղաքականությունը եւ ֆինանսական համակարգի կողմից տնտեսության վարկավորման բարձր աճը: Միեւնույն ժամանակ, տարեսկզբից առկա լրացուցիչ գնաճային սպասումները զգալիորեն մեղմվել են եւ գնաճային սպասումներն ընդհանուր առմամբ կայունացել են:
Հաշվի առնելով վերոնշյալը՝ ԿԲ Խորհուրդը նպատակահարմար է գտնում պահպանել գործող դրամավարկային պայմանները: Միաժամանակ Խորհուրդը մնում է այն կարծիքին, որ կանխատեսված զարգացումների ներքո հետագայում անհրաժեշտ կլինի դրամավարկային խթանող պայմանների աստիճանական չեզոքացում՝ գնաճի նպատակի իրագործման համար: Արդյունքում ակնկալվում է, որ կանխատեսվող հորիզոնում 12-ամսյա գնաճը փոքր-ինչ կավելանա՝ պահպանվելով թույլատրելի միջակայքում եւ կայունանալով նպատակային ցուցանիշի շուրջ:
Տնտեսական զարգացման հեռանկարներից եւ գնաճի վերականգնման հետագծից շեղման ռիսկերը հիմնականում վերեւի ուղղությամբ են՝ պայմանավորված համախառն պահանջարկի եւ տնտեսական աճի ավելի բարձր լինելու հավանականությամբ։ Ռիսկերի դրսեւորման պարագայում ԿԲ-ն համապատասխանորեն կճշգրտի դրամավարկային քաղաքականության ուղղությունները՝ կանխատեսվող հորիզոնում գնաճի նպատակի իրագործման համար: