Կարևոր է, որ Ադրբեջանը ձերբազատվի իրականությունից շատ հեռու լեզվաբանական վարժանքներից և վերադառնա կառուցողական դաշտ:
Այս մասին հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը Լյուքսեմբուրգի արտգործնախարարի հետ համատեղ ասուլիսում՝ անդրադառնալով այն հարցին, թե ինչու է Ադրբեջանը հրաժարվում եռանախագահող երկրների արված առաջարկներից ու նրանց հայտարարություններում առկա սկզբունքներից։
Ավելի վաղ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել էր, որ տարածաշրջանային վերջին այցի ժամանակ «համանախագահները կրեատիվ մտքեր են հնչեցրել բանակցություններն առաջ մղելու համար, և ընտրություններից հետո (Հայաստանում և Ադրբեջանում — խմբ.) բանակցություններն ավելի ինտենսիվ կանցկացվեն»։
Նա հավելել է, թե միգուցե ադրբեջանցիները գտնում են, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահների ամենաբարձր մակարդակով արված հայտարարությունները ստեղծագործական, կրեատիվ չէին, այլ ինչ-որ պրիմիտիվ առաջարկություններ էին, հյատնում է Aysor.am-ը: «Այսինքն՝ նրանք իրենց իրավունք են վերապահում գնահատելու, թե որ առաջարկներն են կրեատիվ, որոնք՝ ոչ։ Սպասում են, մինչև այդ առաջարկություններն իրենց համար դառնան ընդունելի, կրեատիվ», - ասել է Էդվարդ Նալբանդյանը։
Նրա խոսքով, Կրակովում վերջին հանդիպման ժամանակ կողմերը համաձայնություն էին ձեռք բերել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի հնարավորություններն ընդլայնելու վերաբերյալ, բայց Ադրբեջանը հրաժարվել է հիշել և հարգել ձեռք բերված պայմանավորվածությունները հարգել նրան։ Նման իրավիճակ է եղել նաև այլ հանդիպումների ժամանակ։ «Գուցե Ադրբեջանը չի կարող ինքնուրույն վերադառնալ կառուցողական դաշտ, և նրան պետք է վերադարձնել այնտեղ», — ընդգծեց նախարարը։
Ավելի վաղ Նալբանդյանը հայտարարել էր, որ Ադրբեջանը չի կատարում պայմանավորվածությունները: Ամենաթարմ վկայությունը հունվարին Կրակովում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումն էր, որտեղ սկզբունքորեն համաձայնություն էր ձեռք բերվել իրականացնելու անձնական ներկայացուցչի գրասենյակի ընդլայնումը:
«Այս պայմանավորվածության առնչությամբ Հայաստանն ու համանախագահները տարածեցին գրեթե նույնական հայտարարություն, մինչդեռ Ադրբեջանը դրան որևէ հղում չի կատարել ոչ հանդիպումից հետո ոչ էլ մինչ օրս: Երբ մի քանի օր առաջ համանախագահները այցելեցին տարածաշրջան, Ադրբեջանը կրկին հրաժարվեց հարգել ընդլայնման իրագործման վերաբերյալ այս պայմանավորվածությունը»,-ասել էր նա:
Կրակովում հունվարի 18-ին համանախագահների միջնորդությամբ տեղի էր ունեցել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Էնդրյու Շեֆերը (ԱՄՆ) ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ հունվարի 17-ին հանդիպել են Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ, իսկ հունվարի 18-ին` Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի։
Հունվարի 18-ին համանախագահները հանդիպել են երկու երկրների ԱԳ նախարարների հետ: