5.10.2024
Թուրքիան կկառուցի իր առաջին տիեզերակայանը
prev Նախորդ նորություն

Կասպից ծովի «գամբիտը»

Բաքվում այսօր մեկնարկել է Կասպից ծովի իրավական կարգավիճակի հարցով աշխատանքային խմբի 39-րդ նիստը: Նիստը տեղի է ունենում մերձկասպյան երկրների փոխարտգործնախարարների մակարդակով: Հանձնաժողովի աշխատանքները միտված են Կասպից ծովի իրավական կարգավիճակի վերաբերյալ կոնվենցիայի մշակմանը: Այդ մասին հայտնում է APA գործակալությունը:

Կասպից ծովի կարգավիճակի շուրջ գագաթաժողովները տեղի են ունեցել 2002թ.-ին Աշգաբադում, 2007թ.-ին՝ Թեհրանում, և վերջին անգամ 5 երկրների մասնակցությամբ ձևաչափով հանդիպումը տեղի է ունեցել Բաքվում՝ 2010թ.-ին: Կասպից ծովի իրավական կարգավիճակի խնդիրը առաջացել է 1991թ.-ից հետո, երբ Կասպից ծովում ԽՍՀՄ-ի փլուզումից հետո առաջացան անկախ հանրապետություններ՝ Ռուսաստանը,Ղազախստանը, Թուրքմենստանը և Ադրբեջանը: Մինչ այդ, Կասպից ծովը 250 տարի շարունակ համարվում էր Ռուսական և Պարսկական կայսրությունների քաղաքական և տնտեսական շահերի տարածք:

Կասպից ծովի երկրներից յուրաքանչյուրը յուրովի մոտեցում ունի ծովի և նրա բնական հարստությունների բաժանմանը: Ռուսաստանը առաջարկում է բաժանել ծովի հատակը միջին գծով, որպեսզի յուրաքանչյուր երկիր՝ ծովի իր սահմաններում ինքնիշխան վերահսկողություն հաստատի հանքային և այլ ռեսուրսների նկատմամբ, սակայն պահպանվի Կասպից ծովի մակերևույթի ընդհանուր օգտագործման և ազատ նավարկության սկզբունքը:

Ադրբեջանը իր հերթին հանդես է գալիս Կասպից ծովի ազգային գոտիներով բաժանման օգտին, ինչը ենթադրում է ծովի հատակի, մակերեսի, օդային սահմանների հստակ տարանջատում:
Նույն դիրքորոշումն էր որդեգրել նաև Թուրքմենստանը, որտեղ երկրի նախագահի հրամանով ստեղծվել էր Կասպից ծովի թուրքմենական հատվածի յուրացման ազգային ծառայությունը, ինչը Ադրբեջանի դիրքորոշման հետ միասին հակասության մեջ է մտնում Կասպից ծովի կարգավիճակի հետ:

Իրանը ցանկանում է պահպանել Կասպից ծովի ընդհանուր օգտագործման գաղափարը, կամ բաժանել այն հավասար մասերի՝ 20%-ով յուրաքանյուր երկրին: Կասպից ծովի իրավական կարգավիճակի հարցով մերձկասպյան երկրների վերջին գագաթաժողովը տեղի է ունեցել ՌԴ-ի Աստրախան քաղաքում նախորդ տարի:

Մերձկասպյան երկրները իրենց աշխարհաքաղաքական նպատակները կյանքի կոչելու համար իրականացնում են էներգետիկ-տրանսպորտային տարբեր նախագծեր, իսկ Ադրբեջանը ցանկանում է թյուրքախոս Ղազախստանի և Թուրքմենստանի համար դառնալ տարանցիկ երկիր՝ դեպի Արևմուտք իրենց էներգակիրները արտահանելու համար: Դա ամրագրված է «Ադրբեջան-2020» ռազմավարությունում: Այդ նպատակով Բաքվի մերձակայքում սկսվել է Ալյաթի նոր առևտրային նավահանգստի շինարարությունը:

Նոր նավահանգիստը տարեկան կկարողանա ընդունել մինչև 11.5 միլիոն տոննա բեռ, բացի այդ, Ալյաթ նավահանգիստը կապված է Ադրբեջան-Վրաստան երկագծի հետ, ինչը ենթադրում է Կասպից ծով-Սև ծով տարածաշրջանում տարանցման հնարավորություններ: Բացի այդ, Ղազախստանը իր նավթն է արտահանում միջազգային շուկա օգտագործելով Ադրբեջանի տարանցիկ հնարավորությունները: Բաքվի և ղազախական Աքթաու նավահանգիստների միջև գործում է լաստանավային փոխադրումներ: Տարեկան Ղազախստանը Ադրբեջանի տարածքով կարտահանի 4 միլիոն տոննա նավթ, ինչի շուրջ պայմանավորվածություններ են ձեռք բերվել վերջերս:

Բաքվի նոր նավահանգստի հետ տրանսպորտային միասնական միջանցք է ցանկանում կազմել նաև Թուրքմենստանը, ով սկսել է Կասպից ծովի ափին կառուցել Թուրքմենբաշու միջազգային առևտրային նավահանգիստը: Թուրքմենական նոր նավահանգիստը կլինի բազմաֆունկցիոնալ և այն կկարողանա սպասարկել նավթ, գազ արտահանող տանկերներ, ինչպես նաև տարբեր արդյունաբերական նշանակության ապրանքների տեղափոխությամբ զբաղվող նավեր: Թուրքմենբաշիի նոր նավահանգստի ընդհանուր մակերեսը կկազմի 1 միլիոն 200.000 քմ տարածք:

Կասպյան ավազանում կձևավորվի յուրօրինակ մերձկասպյան թյուրքական երկրների տրանսպորտային եռանկյունի՝ Աքթաու-Ալյաթ-Թուրքմենբաշի ուղղություններով: Այդ նոր միջանցքը կշրջանցի Ռուսաստանին և թույլ կտա մերձկասպյան երկրներից Թուրքմենստանին և Ղազախստանին նվազեցնել իրենց տարանցման հետ կապված կախվածությունը Ռուսաստանից՝ դիվերսիֆիկացնել արտահանման ուղղությունները արևմտյան ուղղությամբ:
Էդվարդ Նալբանդյանը մեկնում է Իսրայել
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` mid.ru
05.10.2024
Հայաստանի նորանշանակ դեսպանը հանդիպել է Լավրովին. քննարկվել են երկկողմ հարաբերությունները