Ինչպես հայտնի է, Հայաստանն ընտրվել է որպես 2018թ. հոկտեմբերի 11-12-ին կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովը հյուրընկալող երկիր, որը երկու տարի նախագահելու է Ֆրանկոֆոնիայի այս բարձրագույն ատյանը:
ՀՀ արտաքին գործերի նախարար, Ֆրանկոֆոնիայի նախարարական խորհրդաժողովի նախագահ Էդվարդ Նալբանդյանն Երևանում այսօր ընթացող ՖԽՎ քաղաքական հարցերի հանձնաժողովի նիստում հայտարարել է, որ Հայաստանը հպարտությամբ ընդունեց Ֆրանկոֆոնիայի անդամ երկրների եւ կառավարությունների ղեկավարների` Հայաստանը Ֆրանկոֆոնիայի XVII գագաթաժողովը հյուրընկալող երկիր ընտրելու որոշումը: Այս ընտրությունը համերաշխության, Ֆրանկոֆոնիային ծառայելու հարցում Հայաստանի նվիրվածության, ֆրանկոֆոն արժեքների, մեր տարածաշրջանում Ֆրանկոֆոնիայի տարածման համար ծավալած գործունեության գնահատման նշանավորումն է: Այս որոշումը կայացվեց նաեւ 2015թ. Երեւանում Ֆրանկոֆոնիայի նախարարական 31-րդ խորհրդաժողովի հաջողությունից հետո:
«Այս հանդիպումը հնարավորություն է ընձեռում ձեզ ներկայացնելու Գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքներում Հայաստանի նախանշած առաջնահերթությունները: Գագաթաժողովն անցնելու է «Ապրել միասին» խորագրի ներքո՝ «Ապրել միասին՝ հարգելով համերաշխությունը, մարդասիրական արժեքներն ու բազմազանությունը՝ իբրեւ խաղաղության եւ բարօրության հիմք ֆրանկոֆոն տարածաշրջանում»: «Ապրել միասին» թեման ընտրվել է՝ հաշվի առնելով ֆրանկոֆոնիայի շրջանակներում, ես կասեի նույնիսկ միջազգային մակարդակում առկա իրողությունները: Մենք համոզված ենք, որ «Ապրելով միասին»՝ հարգելով այն մարդասիրական արժեքները, որ մենք կիսում ենք, հնարավոր է նպաստել մեր հասարակությունների միասնության առավել ամրապնդմանը եւ ֆրանկոֆոն տարածքում խաղաղությանը եւ բարօրությանը»,- ասել է ՀՀ ԱԳ նախարարը:
Նրա խոսքով, «Ապրել միասին» հասկացությունը քաջ ծանոթ է հայ ժողովրդին՝ աշխարհի ավելի քան հարյուր երկրներում աշխարհասփյուռ հայությունը կարողացել է լիովին ինտեգրվել իրենց հյուրընկալած երկրների հասարակություններում՝ միեւնույն ժամանակ պահպանելով իրենց ազգային ինքնությունը եւ ընդգծելով միասին ապրելու ունակության կարեւորությունը` փոխադարձ հարգանքի, ներդաշնակության, համերաշխության, բազմազանության ոգով: Նալբանդյանը նշել է, որ ակնկալում է նաեւ աշխատել «Ապրել միասին» խորագիրը կրող Ֆրանկոֆոնիայի մի նոր հիմնարար փաստաթուղթ ստեղծելու ուղղությամբ, որտեղ կարող են համապարփակ կերպով ամրագրվել «Ապրել միասին» տեսլականի սկզբունքներն ու արժեքները՝ մարդու իրավունքները, ժողովրդավարությունը, կանանց եւ տղամարդկանց իրավահավասարությունը, միջմշակութային եւ միջկրոնական երկխոսությունը, ահաբեկչությունը սնող արմատականացման եւ բռնի ծայրահեղականության, այլատյացության, ատելություն սերմանող գաղափարախոսության, անհանդուրժողականության եւ խտրականության բոլոր ձեւերի դեմ պայքարը:
«Այս տեսանկյունից մենք ցանկանում ենք, որ Ֆրանկոֆոնիայի երիտասարդական ցանցը մասնակցություն ունենա այս միջոցառմանը եւ իր ներդրումն ունենա այդ փաստաթղթի ստեղծման գործում»,- ասել է նա:
Էդվարդ Նալբանդյանը նաև հավելել է, որ գագաթաժողովի կարեւոր միջոցառումներից մեկը, որը մտադիր են կազմակերպել, Ֆրանկոֆոնիայի տնտեսական ֆորումն է: Ըստ նախարարի, մեծ կարեւորություն են տալիս ֆրանկոֆոն ձեռնարկությունների եւ մասնագիտական, ինստիտուցիոնալ ցանցերի համախմբմանը տնտեսական կապերը խթանելու եւ գործարար միջավայրը բարելավելու տեսանկյունից: Հայաստանի նպատակն է գագաթաժողովի ժամանակ հիմնել ֆրանկոֆոն գործարարների ցանց: