Ո՞վ է Forbes-ի միլիարդատերերի ցուցակում առաջին անգամ հայտնված ազգությամբ հայ կինը
Առաջին անգամ Forbes-ի միլիարդատերերի ցուցակում հայտնվել է ազգությամբ հայ, ամերիկացի դիզայներ՝ Քերոլին Ռաֆայելյանը։ Նա «Ալեքս եւ Անի» ընկերության հիմնադիրն է, որը զբաղվում է զարդերի եւ աքսեսուարների արտադրությամբ։
Ռաֆայելյանի հայրը ոսկերչական ընկերությունը հիմնադրել է 1966 թվականին, որտեղ Քերոլինը եւ իր քույրը որպես պատիժ աշխատում էին, երբ անկարգություն էին անում։ Հետագայում նա իր հորն օգնել է ոսկերչական ապրանքների դիզայնի հարցում։ 1994 թվականին նա սկսել է իր անհատական բիզնես ուղին։ 2002 թվականին Քերլինը՝ իր քույր Ռեբեկայի հետ դարձան հոր ոսկերչական «Սիներամա» ընկերության համասեփականատերեր։
2004 թվականին Ռաֆայելյանն իր երկու դուստրերի անուններով հիմնադրեց «Ալեք եւ Անի» ընկերությունը։
Ապրանքանիշը սկսեց ընդամենը հինգ մատանուց եւ աստիճանաբար ընդլայնեց տեսականին։ Նա նաեւ Ռոդ-Այլենդի գինեգործական «Carolyn’s Sakonnet Vineyard» ընկերության սեփականատերն է։ Ռաֆայելյանն ունի նաեւ սրճարան «Teas and Javas» անունով։
Ռաֆայելյանը Ռոդ-Այլենդի Նյուպորտ քաղաքում գտնվող 60 սենյակ ունեցող «Belcourt of Newport» պատմական թանգարանի սեփականատերն է։
2010 թվականին Ռաֆայելյանի «Ալեքս եւ Անի» ընկերության եկամուտը կազմել է մոտ $4.5 մլն։ 2015 թվականին վաճառքի ծավալները հասել են $500 միլիոնի, որի շնորհիվ Ռաֆայելյանը հայտնվել է ամերիկյան Forbes ֆինանսական ամսագրի ամենահաջողակ գործարար կանանց ցանկում։
2016 թվականի հունիսին Forbes-ը Ռաֆայելյանին ներառել է ԱՄՆ ամենահարուստ կանանց ցանկում, ովքեր ինքնուրույն են վաստակել իրենց կարողությունը։ Այսօր արդեն Քերոլին Ռաֆայելյանը հայտնվել է Forbes-ի միլիարդատերերի ցուցակում։ Նա հանդիսանում է այդ ընկերության 80 տոկոս բաժնեմասի սեփականատերը, իսկ ընկերությունը գնահատվում է 1.2 մլրդ դոլար: