24.11.2024
Մամուլ. Սերժ Սարգսյանը կդառնա վարչապետ, իսկ «Ծառուկյան» դաշինքը կողմ կքվեարկի
prev Նախորդ նորություն

ՀՀ-ՌԴ հարաբերությունների առավել զարգացումը բխում է 2 պետությունների շահերից. Շարմազանով

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը հանդիպել է Թուրքմենչայի պայմանագրի 190-ամյակին նվիրված համաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած ՌԴ պատվիրակությանը՝ «Հայրենիքի պատմություն» ֆոնդի գործադիր տնօրեն Կոնստանտին Մոգիլեւսկու եւ Երեւանում գիտության ու մշակույթի ռուսական կենտրոնի տնօրեն Սերգեյ Ռիբինսկու գլխավորությամբ:


Հանդիպմանը Էդուարդ Շարմազանովը ցավակցություն է հայտնել Սիրիայի «Հմեյմիմ» օդանավակայանում վայրէջքի ժամանակ ռուսական Ան-26 ինքնաթիռի վթարի կապակցությամբ, որը մարդկային զոհերի պատճառ է դարձել:


ՀՀ ԱԺ փոխնախագահը կարեւորել է «Թուրքմենչայի պայմանագիր. 190 տարի: Պատմությունը եւ ներկան» խորագրով համաժողովի անցկացումը Երեւանում՝ ընդգծելով, որ նման միջոցառումները կարեւոր են ոչ միայն անցյալը եւս մեկ անգամ արժեւորելու, այլեւ հայ-ռուսական դարավոր բարեկամության եւ ընդհանուր անցյալի մասին երիտասարդներին իրազեկելու տեսանկյունից:


«Հայրենական մեծ պատերազմում հաղթանակը մեր ժողովուրդների ընդհանուր հաղթանակն է, եւ նոր սերունդը պետք է քաջատեղյակ լինի այդ մասին, ճանաչի հերոսներին: Հայ եւ ռուս ժողովուրդների բարեկամությունը խարսխված է քրիստոնեական արժեքների վրա: Մենք ընդհանուր արժեքներ ունենք եւ պետք է պահպանենք դրանք»,-ընդգծել է նա:


Էդուարդ Շարմազանովն առաջարկել է Կուրսկի աղեղի ճակատամարտին նվիրված հայ-ռուսական գիտակրթական համաժողով կազմակերպել՝ նշելով, որ այդ ճակատամարտի հերոս է եղել Խորհրդային Միության զրահատանկային զորքերի գլխավոր մարշալ, Հայրենական մեծ պատերազմի հերոս Համազասպ Բաբաջանյանը: Նա առաջարկել է նաեւ քննարկել ՄԱԿ-ի կողմից ընդունված «Ցեղասպանություն հանցագործության կանխման եւ պատժման» կոնվենցիայի 70-րդ հոբելյանական տարվա կապակցությամբ «Խորհրդարանականներն ընդդեմ ցեղասպանության» խորագրով ցուցադրությունը Ռուսաստանի Դաշնությունում եւս կազմակերպելու հարցը:


Հյուրերը համատեղ նախաձեռնությունների ու ծրագրերի իրականացման հարցում ընդգծել են «Հայրենիքի պատմություն» ֆոնդի եւ Երեւանում գիտության ու մշակույթի ռուսական կենտրոնի աջակցությունը:


Քննարկվել են երկու ժողովուրդների քաղաքական, ռազմական, կրթական ու գիտական կապերի ակտիվացման հեռանկարները: Նշվել է, որ երկկողմ հարաբերությունների առավել զարգացումն ու խորացումը բխում է երկու պետությունների շահերից: