VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:
«Ժամանակ» թերթը գրում է. «Ծառուկյան» դաշինքը Սերժ Սարգսյանի կողմից նախագահի թեկնածու առաջադրված Արմեն Սարգսյանին կողմ քվեարկելուց հետո չհրապարակված որոշում ունի կողմ քվեարկել նաեւ վարչապետի թեկնածու Սերժ Սարգսյանին: Նման որոշման համար «Ծառուկյան» դաշինքի ղեկավար Գագիկ Ծառուկյանը ունի առնվազն երեք պատճառ. Գագիկ Ծառուկյանը Սերժ Սարգսյանի առաջարկով աջակցել է Արմեն Սարգսյանին եւ հիմա չի կարող անձամբ Սերժ Սարգսյանի թեկնածությանը դեմ քվեարկել: Գագիկ Ծառուկյանը երախտապարտ է Սերժ Սարգսյանին իր քաղաքական ռեաբիլիտացիայի համար, եւ կողմ քվեարկությամբ վարձահատույց է լինելու դրա համար: Բացի այդ, Ծառուկյանը մտավախություն ունի, որ եթե անգամ ինքը որոշի, որ իր ղեկավարած դաշինքը պետք է դեմ քվեարկի վարչապետի թեկնածու Սերժ Սարգսյանին, ապա դաշինքի ոչ բոլոր պատգամավորները կկատարեն այդ որոշումը՝ մանավանդ, որ ի տարբերություն նախագահի ընտրության, որը գաղտնի էր, վարչապետի ընտրությունը անվանական է: Հնարավոր է նաեւ, որ լինի չորրորդ հիմնավորումը, եւ «Ծառուկյան» դաշինքը իշխանության հետ համագործակցության համաձայնագիր ստորագրի, բայց դա այնքան էլ էական չէ»:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ առողջապահության նախարարությանը նոր, տհաճ անակնկալ է մատուցվել: Տեղեկացնենք, որ ՀՀ կառավարությունն անցած տարում հավանություն էր տվել նախագծին, որով նախատեսվում էր սոցշահառուներին (պետական, քաղաքացիական, համայնքային ծառայողներին) դեպի ապահովագրական ընկերություններ ուղղորդելու գործընթացից հետո հաշմանդամություն ունեցող եւ սոցիալապես անապահով անձանց եւս պարտադրել հիվանդանոցներին դիմելիս օգտվել ապահովագրական ընկերություններից: Այն նախատեսված է սոցիալական ներառման 2017-2021 թվականների համալիր ծրագրով: Սակայն «Ժողովուրդ» օրաթեթին հայտնի դարձավ, որ Սերժ Սարգսյանը առողջապահության նախարարությանը հրահանգել է ապրիլի 1-ից դադարեցնել այդ գործընթացը կամ չկիրառել նախատեսված պլաններով: Նա այդ հրահանգը պատճառաբանել է այն իրողությամբ, որ նախ սոցիալական փաթեթից օգտվող շահառուների բուժման համար հիվանդանոցները չեն ստանում այնքան գումար, որքան ծախսել են»:
Նույն թերթը գրում է. «ՀՀ ԱԺ պետաիրավական եւ մարդու իրավունքների մշտական հանձնաժողովի նախագահ Գեւորգ Կոստանյանը համոզված է, որ մարտի 1-ի դեպքերի վերաբերյալ ԱԺ հայտարարության ընդունումը որեւէ ազդեցություն չի ունենա այդ քրեական գործի ընթացքի վրա: Օրաթերթին տված հարցազրույցում Կոստանյանը նշել է. «Եկեք, ամեն օր հայտարարություն hրապարակենք` ԱԺ անունից այդ թվում, օրը 10 հատ` մենք դատապարտում ենք, կոչ ենք անում գլխավոր դատախազին կամ քննչական ծառայության պետին: Շատ լավ, բայց նրանք ունեն օրենքով իրենց վրա դրված պարտավորություններ: Անկախ նրանից` մենք ինչ հայտարարություն անենք, դա ոչ ավելացնելու է իրենց իրավունքների, ոչ էլ պարտականությունների ծավալը»: Ինչ վերաբերում է ՄԻԵԴ-ում մարտի 1-ի գործերի քննությանը, նա նշել է. «Եթե խախտումներ արձանագրվեն, այդ գործերն արդեն կոնկրետ իրավիճակներում ենթակա են վերաբացման: Ես կարծում եմ` մենք այս տարի կամ այս տարվա վերջ կակնկալենք 1-2 գործերով վճիռներ»:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հեքիաթ բարի վարչապետի եւ չար նախարարների մասին». այսպես կարելի է բնութագրել կառավարության երեկվա նիստը: Առողջապահության նախարարությունը հանդգնել է դեղերը դեղատոմսով դուրս գրելու կարգ պարտադրել՝ առանց գործընթացի տեխնիկական եւ վերահսկողական խնդիրները որոշակիացնելու եւ իրավական ակտի: Եւ մինչ ժողովուրդը դժգոհում էր այս նոր կարգի դեմ, վրա հասավ վարչապետ Կարեն Կարապետյանն ու «դմփոց ռեֆորմով» լուծեց խնդիրը՝ իբր հօգուտ բնակչության:
Բայց իրականում ե՛ւ բնակչության, ե՛ւ բժիշկների շրջանում լուրջ դժգոհություններ հարուցած հարցը չի լուծվել: Վաղ առավոտյան կառավարության օրակարգ մտցվեց որոշման նախագիծ, ըստ որի` դեղատոմսով դեղերի բացթողման կարգը կիրականացվի փուլ առ փուլ: Բայց ընդամենը հետաձգվել է հորմոնային դեղերը դեղատոմսով վաճառելու կարգի կիրառումը: Իսկ մյուս դեղերը՝ հոգեմետ եւ հակաբիոտիկ, վաճառվելու են դեղատոմսով՝ մարտի 1-ից, երկրորդ փուլով՝ հուլիսի 1-ից, պարտադիր պահանջը կտարածվի բոլոր ներարկվող դեղերի վրա, արդեն հոկտեմբերի 1-ից ամբողջ ուժով օրենսդրական պահանջը կտարածվի դեղերի ողջ ցանկի վրա: Այլ կերպ ասած` խնդիրն իրականում չի լուծվել: Մեկ փաստ էլ. «Ժողովուրդ» օրաթերթը երեկվա համարում գրել էր, որ դեղերի վաճառքի այս նոր կարգը պարտադրվել է առանց համապատասխան իրավական ակտի, այսինքն՝ ապօրինաբար: Եվ զարմանալին այն է, որ վարչապետը երեկ այդպես էլ չանդրադարձավ այդ կարեւոր հանգամանքին` մեղմորեն շրջանցելով լրջագույն խնդիրը»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Բարձրագույն կրթության մասին օրենքը գրեթե խուճապային տրամադրություններ է ստեղծել բուհերում, որտեղ ամբիոնի վարիչների, դեկանների մեծ մասը 70 տարին անց ծերունիներ են, որոնք օրենքի ընդունումից հետո պետք է հրաժեշտ տան պաշտոններին։ Սակայն ամբողջ հարցն այն է, որ նրանք ոչ միայն կառչած են իրենց աթոռներից, այլեւ թույլ չեն տվել, որ համեմատաբար երիտասարդ կադրեր աճեն իրենց շրջապատում, ուստի ավելի լուրջ խնդիր է լինելու այդ թափուր տեղերը լրացնելու հարցը։ Մի դրական պահ էլ կա օրենքում. մի քանի պաշտոն համատեղելու անհնարինությունը, ինչը եւս շարքային դասախոսական մասսան ողջունում է»։
«Փաստ» օրաթերթը գրում է. «ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարության միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ պաշտոնը ստանձնելու 2017 թ. հայտարարագիրը: Հայտարարագրից տեղեկանում ենք, որ Եգանյանը թվով վեց անշարժ գույք ունի՝ երկու բնակարան, երկու ավտոտնակ եւ մեկական այգետնակ ու արտադրական նշանակության շինություն: Նրան է պատկանում նաեւ «NISSAN MAXIMA 3.0» մակնիշի ավտոմեքենան: Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ ունեցել է փոխառություններ, որոնք կազմել են 29 հազար 290 ամերիկյան դոլար, իսկ դրամական միջոցները՝ 10 հազար 500 ԱՄՆ դոլար եւ 5 միլիոն 200 հազար դրամ: Եկամուտներն էլ ստացվել են աշխատավարձերից ու վարձակալության դիմաց ստացված վճարներից՝ ընդհանուր կազմելով 17 միլիոն 982 հազար դրամ»:
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Երեւանի Էրեբունի վարչական շրջանում գտնվող Վարդավառի այգին, որն առավել հայտնի է Թոխմախի գյոլ անվանումով, ըստ էության, մասնավոր է: Այս բացահայտումն արել է Երեւանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Արայիկ Հարությունյանը, երբ իրեն ահազանգել են, որ լճին հարող զբոսայգում հեծանիվ վարելն արգելվում է: Ավագանու անդամը սկսել է նամակներ գրել Երեւանի քաղաքապետին՝ հասկանալու համար, թե ինչու է այգում արգելվում հեծանիվ վարելը: Նամակագրության ժամանակ պարզվել է, որ 1313 քմ մակերեսով շինություններ ու շուրջ 17 հեկտար տարածք զբաղեցնող այգին դեռեւս 2009 թվականին 99 տարի ժամկետով վարձակալել է «Բիդեք» ՍՊԸ-ն, որը կապվում է Մհեր Սեդրակյանի անվան հետ:
Ի դեպ, Սեդրակյանի առանձնատունը գտնվում է հենց այս լճի ափին: «Տպավորություն է, որ իր անձնական օգտագործման լիճն է դարձել: 18-րդ դարի վերջին, 19-րդ դարի սկզբին Նապոլեոնն ուզում էր Միջերկրական ծովի տարբեր ափերը գրավեր, որպեսզի Միջեկրական ծովն իր ներքին լիճը դարձներ: Հիմա Մհեր Սեդրակյանը տուն է կառուցում ու Թոխմախի գյոլն իր ներքին օգտագործման լիճն է դարձրել»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նկատել է Արայիկ Հարությունյանը: Վերջինիս հաջողվել է ճշտել, թե 2009 թվականից սկսած Թոխմախ գյոլի վարձակալության դիմաց տարեկան որքան գումար է մուտքագրվել համայնքային բյուջե: «Ելք»-ի ներկայացուցիչը վստահ է, որ այստեղ լուրջ կոռուպցիոն ռիսկեր կան. այդ մասին է վկայում նաեւ պայմանագրի բովանդակությունը»: